
Մեքենա կայանելու հարցի շուրջ ծագած վեճն ավարտվել է սպանությամբ. ոստիկանություն
Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01.43-ին, ոստիկանություն զանգահարած անձը հայտնել է, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքում դանակահարություն է։
«Պարզվել է, որ ահազանգից րոպեներ առաջ, վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ, 46-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել իր հասակակցի կրծքավանդակին: Ժամը 01.55-ին, արդեն մահացած, նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տվյալների` սա առաջին դեպքը չէ, որ մեքենայի կայանման հարցի շուրջ հարևանների միջև ծագում է վեճ: Իսկ այս անգամ վեճին միջամտել էր հարևաններից մեկին հյուր եկած բարեկամը, որն էլ հենց դառնում է միջադեպի զոհ: Բացատրական աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց դանակահարողը եկել է ոստիկանության բաժին, ներկայացվել քննչական բաժին ու ձերբակալվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել