HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիական դրամատիկական արվեստանոց՝ հայ երիտասարդ արտիստների համար

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փորձասենյակում արդեն երկու օր է հավաքվում են երիտասարդ արտիստներ Հայաստանի եւ Արցախի տարբեր բնակավայրերից՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Ստեփանակերտից եւ Շուշիից։ Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ նրանք աշխատում են իրենց դերասանական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ «Բոնժուղ, մըսյո»,- փորձասենյակ մտնելիս լսում է Սերժ Ավետիքյանը։ Դրամատիկական արվեստանոցի պարապմունքներից երկու ամիս առաջ արտիստները սկսել են ֆրանսերենի ուսուցումը, քանի որ արտիստական աշխատարանը երկլեզու է՝ ֆրանսերեն եւ հայերեն։

Վեց ամիս տեւողությամբ այս արվեստանոցը նախաձեռնել է Սերժ Ավետիքյանը։ Նրա նպատակն է հայ երիտասարդ արտիստներին հնարավորություն ընձեռել աշխատել և կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ՝ ֆրանսիացի ռեժիսորների, բեմադրիչների և դերասանների հետ, որոնք կժամանեն Հայաստան առաջիկա ամիսներին։ Նրանց թվում են՝ Պիեր Պրադինան, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Ստեֆան Բրոնշվեյգը, Կլոե Ղեժոն, Իգոր Սկրեբլինը, Օսեան Մոզեսը։

80 դիմորդից ընտրվել է 27 մասնակից, նրանց մի մասն է ֆրանսախոս։ Մյուսները սովորում են աշխատելուն զուգահեռ։ Արվեստանոցի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 12-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, Սերժ Ավետիքյանն ասաց, որ ընտրության հարցում առաջնորդվել է անհրաժեշտության գաղափարով, այսինքն՝ թե երիտասարդ արտիստներից ում է ավելի անհրաժեշտ այս փորձը։ Հատկապես ուրախ է շուշեցի արտիստների մասնակցության համար, որովհետեւ նրանք կորցրել են իրենց թատրոնը եւ քաղաքը։

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի երեք արտիստ է մասնակցում արվեստանոցին։ Նրանցից Արմեն Գաբրիելյանը, որը հինգ տարեկանից դերեր է խաղացել ներկայացումներում, ասում է. «Իմ հիշողություններում, տաք անկյունում ամուր պահել եմ մանկությանս հուշերը, հայրական տունս, ու պատմությունս, որը պոկել են ինձանից: Պատերազմը շատ բան տարավ մեզանից, կռվում չմեռա, ուրեմն ապրելու եմ՝ իմ հոգու գործին նվիրված»:

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լյուոյի խոսքով՝ կարեւոր է ծրագրի իրականացումը հենց ա’յս ժամանակաշրջանում, հետպատերազմյան Հայաստանում՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ապրած դժվարին տարին։

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ազնավուր», «Ավրորա» հիմնադրամների, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Իլ դը Ֆրանս շրջանի, SPFA ընկերության, «Կազա», «Միասին» հիմնադրամների, Le Courrier d’Erevan պարբերականի և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի աջակցությամբ։ Արվեստանոցի հաջող իրականացման պարագայում Սերժ Ավետիքյանը ծրագրում է այն շարունակել առնվազն առաջիկա երեք տարիներին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter