
ՀայՓոստը, ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները ձեռագիր նամակ գրելու մրցույթ են կազմակերպում
ՀայՓոստը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ:
Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը: Այս մասին ասվում է ՀայՓոստի տարածած հաղորդագրությունում։
Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանի աշակերտները:
ՀՀ համայնքներում մշակութային ժառանգության պահպանության, ճանաչելիության բարձրացման, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորման, ավանդույթների կենսունակության փոխանցման նպատակով ընտրվել են հետևյալ թեմաները.
- Նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն)
- Ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն՝ երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատալիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեսեր և այլն)
- Իմ ընտանիքի ավանդույթը:
Ձեռագիր նամակ գրելու մրցույթը իրականացվելու է երկու փուլով. առաջին փուլում յուրաքանչյուր մարզից և Երևան քաղաքից կընտրվեն մեկական նամակ, իսկ երկրորդ փուլում վերջնարդյունքները կամփոփվեն հանձնաժողովի կողմից, նախատեսվում է ամփոփել նոյեմբերին: Մրցույթի հաղթողը կխրախուսվի հատուկ մրցանակով:
Մեկնաբանել