
Ավազով գերբեռնված ավտոմեքենաները վնասում են Արաքսի ճանապարհներն ու բնակիչների գույքը
Արմավիրի մարզի Արաքս համայնքում (Էջմիածնի տարածք) դժվար է գտնել մեկ վարորդի, որը ավտոմեքենայի դիմապակի չի փոխել՝ խճով բեռնված ավտոմեքենաներից թափված քարերի պատճառով: Համայնքի տարածքում ավազի երեք հանք է գործում: Թափվող ավազն ու գերբեռնված ավտոմեքենաները համայնքի ճանապարհներն են փչացնում, իսկ ընկնող քարերը՝ գյուղացիների գույքը: Վերջին 2 տարվա ընթացքում միայն 3 անգամ ավտոմեքենայի դիմապակի է փոխել համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը:
Մեր այցի ժամանակ Արաքսի բնակիչ Արիս Շառոյանը համայնքապետարանում էր: Նա էլ իր հերթին դժգոհեց, որ տարին մեկ անգամ դիմապակի է փոխում, և հարցը հնարավորինս շուտ պետք է լուծում գտնի:
Արաքս համայնքի վարչական տարածքում՝ Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման թույլտվություն ունեն «Լիլի-Արման», «Լցոն» և «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ները: Տարվա ընթացքում այս հանքավայրեր գնացող և բեռնված դուրս եկող ավտոմեքենաները վնաս են պատճառում համայնքի ճանապարհներին և գյուղացիների գույքին:
Արաքսի համայնքապետ Վարդան Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գերբեռնված ավտոմեքենաները միայն իրենց համայնքի ճանապարհները չեն վնասում, Հանրապետության մասշտաբով համատարած բնույթ է կրում:
«Միայն մեր համայնքի մասին չէ: Կոնկրետ մեր համայնքից է սկսվում, բայց այդ մեքենան միայն մեր գյուղով, փողոցներով չի պտտվում: Տեսեք՝ քանի համայնքով է անցնում»,- հավելեց համայնքի ղեկավարը:
Վարդան Գրիգորյանը պատմեց, որ հանքերից դուրս եկող գրեթե բոլոր ավտոմեքենաները գերբեռնված են, թույլատրելիից ավելի խիճ ու ավազ են տեղափոխում: Նշեց, որ միայն հանքերի ավտոմեքենաները չեն: Ավազի ու խճի բիզնեսով զբաղվող անհատները գալիս են հանքերից ավելի մատչելի գներով տանում, վերավաճառում են: Այդ ավտոմեքենաները ևս գերբեռնված են:
Ամիսը երկու անգամ Էջմիածնից ասֆալտը մաքրող տեխնիկա են բերում, որպեսզի ճանապարհներին թափված ավազն ու քարերը մաքրեն:
«Մեքենաները գերծանրաբեռնվածությունից կենտրոնական ճանապարհն ու հարակից փողոցները լցվում են ավազով ու գրավիլով: Չենք հասցնում վերանորոգել: Մի տեղ փոսալցում ենք անում, մի շաբաթ չի տևում, նորից շարքից դուրս է գալիս: Մարգարա-Էջմիածին ճանապարհը, ավերված վիճակի է հասել հենց այդ ավտոմեքենաների պատճառով»,- ասում է Վ. Գրիգորյանը:
Ասֆալտն ամենաշատը վնասվում է հատկապես ամառվա ամիսներին: Արևի ուղիղ ճառագայթների տակ փափկում է և գերծանրաբեռնված ավտոմեքենաների անիվները փոսեր են առաջացնում, ինչն ավելի է խորանում արգելակման ժամանակ:
Արաքսում հարցի լուծումը պատկերացնում են միայն Կառավարության մակարդակով: Վարդան Գրիգորյանը կարծում է, որ պետք է ստուգումներ իրականացնեն և տուգանեն գերբեռնված ավտոմեքենաների վարորդներին, թույլ չտան գերբեռնում:
Համայնքի ղեկավարն առաջարկում է ամառվա ամիսների շատ շոգ օրերին, երբ ճանապարհների պահպանության ռիսկը մեծանում է, արգելել ավազի և խճի տեղափոխումը մեծ մեքենաներով:
«Չենք կարող ամեն անգամ կանգնեցնել ավտոմեքենաներին ու ասել, որ քո մեքենայից ավազը թափվեց մեր ճանապարհներին, կամ քարի կտորն ընկավ իմ մեքենայի դիմապակին կոտրեց: Հիմա էլ կռվի մեջ ենք ընկնելու»,- նշում է համայնքապետը:
Վարդան Գրիգորյանն ասում է, որ գերբեռնումը համատարած բնույթ է կրում, քանի որ մրցակցությունն է մեծ: Ըստ նրա՝ եթե մեկը թույլատրելի քանակով խիճ կամ ավազ տեղափոխի, իրենից էլ չեն գնի, կգնեն այն մեքենայից, որն ավելի շատ է բեռնել: Ավազն էլ վաճառում են, ոչ թե կոնկրետ քանակով, այլ՝ մեքենայով: Բնականաբար գնորդին ձեռք է տալիս գերբեռնված ավտոմեքենայից գնել: Վարդան Գրիգորյանի կարծիքով՝ ամեն ինչ կկարգավորի, եթե բոլորը գործեն նույն խաղի կանոններով և համատարած արգելեն գերբեռնումը:
Մեկնաբանել