
Նովա հովազը վերադարձել է Արարատի մարզ (տեսանյութ)
2021թ․-ի սեպտեմբեր ամսին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է մշտադիտարկվում է CWR տարածքներում։ Այս մասին հաղորդում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։
Այն, որ նոր հովազը նկատվում է նույն տարածքում վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի ապահով և կերով հարուստ տարածք լինելու մասին գիշատիչ հովազի համար և վերջինս մշտական բնակություն է հաստատել CWR-ում։
Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակվել է կրճատվել։
«Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։
Մեկնաբանել