HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ․ 700 քաղաքացիներ չեն պատվաստվել, բայց ստացել են պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

Ինչպես ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում, նշված ապօրինի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված և համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով ինչպես հիշյալ առողջապահական կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:

Ընդ որում, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5 000-10 000-ական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են: 

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում քննչական խմբի քննիչների կողմից, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
nothing surprise me they are all crooks that they main speciality

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter