HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շրջակա միջավայրի առաջնահերթությունները սահմանված են. սպասե՞նք գործնական արդյունքների

ՀՀ կառավարությունը 2021-26թթ. ծրագրով շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ է համարել՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրումը, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում՝ ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգումը, Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությունն ու կառավարումը։ 

Այս նախաբանի շրջանակում մի քանի հարց ենք ուղղել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ խնդրելով լրացուցիչ պարզաբանել իրականացվելիք գործողությունները և իրականացման ժամկետները: Նախարարության պատասխանները, սակայն, դարձյալ որոշակիություն չմտցրին՝ այս չափազանց կարևոր հարցերի լուծումները նախարարությունը գործնականում ունի՞: 

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը թվարկել է, թե կառավարությունն ինչ որոշումներ և օրենքներ պետք է ընդունի նշված ոլորտում կառավարումը բարելավելու և ջրային պաշարները վերահսկելի դարձնելու վերաբերյալ: Մասնագետները շատ են կարևորում ոլորտը կանոնակարգող այն որոշումները, որոնք կառավարությունը պետք է ընդունի: Սակայն, նախարարությունն անգամ չի հայտնել՝ կա՞ն  այդ որոշումների նախագծերը, մշակվո՞ւմ են, ե՞րբ կքննարկվեն, թե՞ միայն տեսականորեն են պատկերացնում, որ դրանք անհրաժեշտ են: Սպասե՞նք գործնական քայլերի, թե՞ միայն որոշումներ ընդունելով այս հարցերը կարող ենք լուծված համարել:

Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով ներդրվող գերարդյունավետ համակարգերն ինչպիսի՞ն են լինելու։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և որակի բարձրացման նպատակով կառավարման գերարդյունավետ համակարգերի ներդրման, ջրային ռեսուրսների պահպանման, այդ թվում՝ ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացի կանոնակարգման մասով ներկայացրել է հետևյալ միջոցառումները.

- Սևանի, Հրազդանի ջրավազանային տարածքների կառավարման պլանների` կառավարության որոշման նախագծերի մշակում: Կառավարման պլանների ընդունումը կնպաստի Սևանի և Հրազդանի ջրավազաններում ջրի ազգային ու ռազմավարական պաշարների հստակեցմանը, ջրի առաջարկի և պահանջարկի հավասարակշռմանը, ինչն իր հերթին կբերի ջրային ռեսուրսի արդյունավետ և ողջամիտ կառավարման, ինչպես նաև՝ ջրային ռեսուրսի խնայողության:

- Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի՝ կառավարության որոշման նախագծի մշակում: Կառավարման պլանի ընդունումը կնպաստի Հյուսիսային ջրավազանում ջրի ազգային ու ռազմավարական պաշարների հստակեցմանը, ջրի առաջարկի ու պահանջարկի հավասարակշռմանը, ինչն իր հերթին կբերի ջրային ռեսուրսի արդյունավետ և ողջամիտ կառավարման, ինչպես նաև՝ ջրային ռեսուրսի խնայողության:

- Արարատյան դաշտի գյուղատնտեսական և ձկնաբուծական, ջրօգտագործողների մոտ ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում:

Ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական 30 սարքավորման տեղադրման արդյունքում, առցանց եղանակով հասանելի կլինեն ջրօգտագործողների կողմից օգտագործված ջրի ծավալի վերաբերյալ ստույգ և ճշգրիտ տվյալներ, ինչը կնպաստի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնմանը:

- «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում: Օրենքի ընդունումը կնպաստի «Ջրի շրջանակային դիրեկտիվ»-ի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինպես նաև՝ կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորմանը:

- Մակերևութային ջրային ռեսուրսների մոնիտորիգի տվյալների արժանահավատության բարձրացում, որոշում կայացնողներին առավել ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովում, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության  բարձրացում: Միջոցառման արդյունքում նախատեսվում է Քասախի և Հրազդանի գետավազանների 5 (2 ջրամբարային, 3 գետային) և սահմանային Արաքս-Սուրմալու հիդրոլոգիական դիտակետերի արդիականացում, տվյալների գրանցման և առցանց փոխանցման համակարգերով զինված չափիչ սարքավորումների տեղադրում: Ախուրյանի ավազանի հիդրոլոգիական դիտակետի արդիականացում:

Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության և մեղմման գործողությունների իրականացման, ինչպես նաև ՀՀ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի արդիականացման, դիտարկումների նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ներառել է հետևյալ միջոցառումները.

-«Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակում: Որոշման ընդունման արդյունքում հստակ կսահմանվեն միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և պահպանությանը։ Հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետևանքները, կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ջրային էկոհամակարգերի խոցելիությունը և հարմարվողականությունը՝ այդ միջոցառումները կնպաստեն Հայաստանում կլիմայական ռիսկերի նվազեցմանը և կառավարմանը:  

- Հիդրոօդերևութաբանական դիտարկումների, կանխատեսումների, տեղեկատվության մշակման, վերլուծության, արխիվացման և տրամադրման ենթահամակարգերի արդիականցում, տրամադրվող ծառայությունների որակի և հասանելիության մեխանիզմների զարգացում» միջոցառումը, ինչի շրջանակում նախատեսվում է.

  1. կառավարման, կազմակերպական կարողությունների զարգացում, կանխատեսման մոդելների ուսուցանում,
  2. հիդրոօդերևութաբանական ավտոմատ կայանների տեղադրում և տեղեկատվության գրանցման, փոխանցման և վիզուալացման համակարգի ստեղծում,
  3. հիդրոօդերևութաբանական երևույթներից առաջացած կորուստների և վնասի հաշվառման, վերլուծության և արխիվացման միասնական համակարգի ձևավորում և տեղեկատվության հասանելիության ապահովում:

«Ինչպե՞ս եք կանոնակարգելու կեղտաջրերի մաքրումը, ի՞նչ միջոցառումներ եք իրականացնելու դրան հասնելու համար։ Խնդրում ենք տրամադրել գործողությունների ժամանակացույցը»,- հարցրել էինք նախարարությանը։ Ահա ստացված պատասխանը.

- «Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակում: Որոշման ընդունումը կբարձրացնի կեղտաջրերի մաքրման մակարդակը, կնպաստի շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների պահպանությանը, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի անվտանգ շահագործման ապահովմանը:

- «Կեղտաջրերի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում: Որոշման ընդունումը կապահովի կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացած տիղմի օգտագործումը և անվտանգ հեռացումը շրջակա միջավայր, կնպաստի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը:

«Արարատյան արտեզյան ավազանի պահպանման համար ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու և ի՞նչ ժամանակամիջոցում։ Խնդրում ենք տրամադրել գործողությունների ժամանակացույցը»,- մեր հաջորդ հարցն էր։ 

Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի պահպանությանն ու կառավարմանն ուղղված ծրագրեր. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ադյունավետ կառավարման, տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակման և իրականացման գործում կառավարությանն աջակցելու նպատակով ԱՄՆ-ի զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ) ծրագիրը շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ, իրականացրել է ջրային ռեսուրսների միասնական ու հուսալի տեղեկատվական համակարգի ստեղծման, Արարատյան դաշտի համար որոշումների կայացմանն աջակցող գործիքների մշակման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակներում իրականացվել է՝

  • Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի կառուցում՝ ArcHydro Groundwater գործիքակազմի կիրառմամբ՝ 2016թ. կատարված Արարատյան դաշտի հորատանցքերի գույքագրման և հաշվառման տվյալներով՝ հորատանցքերի աշխարհագրական կոորդինատներով, ծովի մակարդակից ունեցած բարձրությամբ, շերտագրությամբ (ապարների կազմ, հզորություն, հատակի խորություն, ապարների երկրաբանական ծագում):
  • Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի հոսքի մոդելի կառուցում՝ ստորերկրյա ջրերի մոդելավորման Groundwater Modeling System (GMS) և MODFLOW ծրագրային փաթեթների կիրառմամբ: Մոդելը հնարավորություն է տալիս գնահատել ջրատար շերտերի վիճակը ստորերկրյա ջրառի պայմաններում:
  • Ջրօգտագործան մոնիթորինգի առցանց ավտոմատացված համակարգի ներդնում 4 խոշոր ձկնաբուծարնների 19 հորի վրա և SCADA ծրագրային փաթեթի տրամադրում:
  • Ջրային պետական կադաստրի բարելավում (12 բաժին, 60 փոխկապակցված աղյուսակներ, 30 տիպի հարցումների և հաշվետվությունների գեներացման հնարավորություն)։
  • Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կառույցների կարողությունների հզորացում: Մասնավորապես՝ համակարգի կիրառում, գետերում էկոլոգիական հոսքի արժեքի հաշվարկ, որոշումների կայացմանն աջակցող գործիքի կիրառում, ստորերկրյա ջրերի մոդելավորում ANGW, GMS, MODFLOW ստորերկրյա ջրառի ավտոմատացված մոնիթորինգի SCADA համակարգի օգտագործում, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի կարողղությունների հզորացում՝ ջրերի որակի անալիզների իրականացման հնարավորությունները և ճշգրտությունը մեծացնելու նպատակով և այլն:

Կառավարության ծրագրից բխող հնգամյա միջոցառումների ծրագրի նախագծում ներառված ջրային ոլորտի միջոցառումները, Արարատյան արտեզյան ավազանի տիրազուրկ խորքային հորերի լուծարման, կոնսերվացման շարունակական գործընթացը, ձկնաբուծության ոլորտում ջրի շրջանառու համակարգերի պարտադիր ներդրման և երկրորդային (կրկնակի) ջրօգտագործման խրախուսումը, ոռոգման արդի ջրախնայող տեխնոլոգիաերի ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի առաջարկած գիտական, նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր գործիքակազմի կիրառումը կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու կայուն կառավարմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter