HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՀՀ կառավարությունն ու «Էյր Արաբիան» 10-ական մլն դոլար կներդնեն ազգային ավիաընկերություն ստեղծելու համար

2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության և «Էյր Արաբիա»-ին (Air Arabia) ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս նպատակով Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում որոշեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալը, նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով, ավելացնել 4 մլրդ 733 մլն 720 հազար դրամով։

«Որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում՝ Հայաստանում այլ հայկական ընկերություններ չպետք է լինեն և չեն կարող լինել։ Հայաստանի կառավարությունը և «Էյր Արաբիա»-ի դուստր ընկերությունը ներդնում են յուրաքանչյուրը 10 մլն դոլար»,- հարցի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ավիաընկերությունը կկոչվի «Արնա»։

Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիա»-ն, որը հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողը:

Գործադրի հիմնավորմամբ՝ նոր ազգային ավիաընկերության ստեղծումը կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ Հայաստանի քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորություն: 

««Էյր Արաբիայի» հետ սերտ գործընկերությունն օգտակար կարող է լինել Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման համար, իսկ նման ընկերության հարուստ փորձի տեղայնացումը կլինի նախկինում ծագած խնդիրների կարգավորման ուղղություններից մեկը»,- ասված է ընդունված որոշման նախագծում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter