
Աջափնյակի դատարանում կքննվեն մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր և ՕՀՄ-ի մասին միջնորդություններ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ մինչ այժմ քննվում էին քաղաքացիական գործեր, այսուհետ կքննվեն քրեական մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր կայացրել է որոշում, որով 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Աջափնյակի դատարանում 8 դատավոր կքննի Երևանի վարչական տարածքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և Հայաստանի տարածքում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, իսկ մարզերում 9 դատավոր կքննի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր:
Հիշեցնենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների հաստիքներն ավելացել են, և այս փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են այս հանգամանքով։
Մեկնաբանել