HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռավար կարգով:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր ելույթում, ողջունելով նիստի մասնակիցներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել բելառուսական կողմին՝ այսօրվա հանդիպումը հեռավար կարգով կազմակերպելու համար:

Նախքան ելույթս սկսելը՝ ցանկանում եմ նաև ջերմորեն ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին:

Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերը դասվում են համակարգային խնդիրների շարքին:

Էներգետիկ բնագավառում ընդհանուր ոլորտային շուկաների ձևավորումը ոչ միայն ԵԱՏՄ ձևավորման մասին պայմանագրի դրույթների իրականացման խնդիր է, այլ նաև տնտեսական ինտեգրման ներուժի լիարժեք իրացման նախապայման: Թերևս դա էլ կանխորոշում է այս շուկայի գործունեության սկզբունքների և մեխանիզմների ներդաշնակեցման գործընթացի բարդությունը, ինչը ենթադրում է երկրների՝ էներգետիկ ոլորտում տարբեր հնարավորությունների և շահերի հաշվի առնելը: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել ապագա համաձայնագրի համալրման հարցում էական առաջընթաց, ինչպես նաև քննարկման հարցերի շուրջ աշխատանքը շարունակելու պատրաստակամության առկայություն, ինչը, հուսով ենք, թույլ կտա լուծել խնդիրը ողջամիտ ժամկետներում: Ելնում ենք նրանից, որ առաջադրված խնդիրների հաջող իրականացումից երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, ինչպես նաև՝ տնտեսական միությունը:

ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների աշխատանքն առանց խոչընդոտների և սահմանափակումների, այդ թվում` առանց այն խոչընդոտների, որոնք սահմանափակում են ձեռնարկատերերի՝ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտքի ազատությունը:

Այս ոլորտում գոյություն ունեցող պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի Միության գործունեության հիմքերը, իսկ Միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ երկրների միջև միմյանց նկատմամբ վստահության մակարդակը, այլև՝ մեր մրցունակությունն արտաքին շուկաներում: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները հայտնաբերելու և վերացնելու, ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկաներ ստեղծելու, արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու, Միության տարանցիկ ներուժը մեծացնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով գործարար համայնքների շահերը և Միության երկրների քաղաքացիների իրավունքները:
Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստի նաև խոչընդոտների նվազագույնի հասցմանը կամ ամբողջական վերացմանը:
Այսօրվա դրությամբ Միության ներքին շուկայի պաշտպանության հարցը արդիական է նաև երրորդ կողմից տնտեսական ճնշման արդյունքում առաջացած բացասական ազդեցության բացահայտման դեպքում: Այս համատեքստում արձագանքման միջոցառումների մշակումը կարևոր է ինչպես եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրման օրակարգում:

Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության` միջազգային իրավունքի հիման վրա ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման հարցում` հաշվի առնելով անդամ երկրների փորձը:

Համաշխարհային հանրության առջև ծառացած հարցերից մեկը կլիմայական փոփոխություններն են, որոնք ազդում են ոչ միայն տնտեսության, այլ նաև սոցիալական գործընթացների վրա: Այս առումով, անհրաժեշտ է փոխգործակցություն` կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու, «կանաչ վերականգնումն» առաջ մղելու և ցածր ածխածնային արտանետումներով տնտեսությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար:

Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Եվրասիական տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր փոխադրումների խթանմանն ուղղված Հանձնաժողովի աշխատանքների նշանակությունը: ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար պայմանների ստեղծումը բխում է շրջակա միջավայրի անվտանգության և հանրային առողջության շահերից:

Համոզված եմ, որ դա կնպաստի նաև նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, ինչպես նաև գիտելիքահեն արդյունաբերությունների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ մի շարք ավտոարտադրողներ արդեն հայտարարել են մոտ ապագայում ամբողջությամբ էլեկտրական մեքենաների արտադրության անցման մասին, մեր երկրներում էլեկտրամոբիլների շուկայի թերզարգացումը հաստատապես կհանգեցնի տեխնոլոգիական հետամնացության և մրցունակության նվազման:

Այս առումով խնդրում եմ Հանձնաժողովին անդամ երկրների հետ միասին ամրապնդել այս ուղղությամբ աշխատանքը, այդ աշխատանքներում ավելի ակտիվորեն ներգրավել գործարար համայնքին և գիտական շրջանակներին:

Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար ու ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի հավատարմությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին»:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեությանն առնչվող մի շարք արդիական հարցեր: Դրանց թվում են եղել՝ կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը, տնտեսության ոլորտին պանդեմիայի հասցրած հետևանքների հաղթահարումը, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, նավթի և գազի միասնական շուկաների ձևավորումը, կլիմայի փոփոխությունների խնդրի և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում փոխգործակցությունը:

Կլիմայական օրակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter