
Պուտինը հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, որոնք Մոսկվայում մասնակցում էին համատեղ նիստի։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոյին։
«Խորհրդակցական մարմնի աշխատանքների շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման բնագավառում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ մեր պետությունների վրա հավաքական Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի սերմանելու փորձերի համատեքստում»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ։
Ըստ այդ հաղորդագրության՝ հատուկ ծառայությունների ղեկավարները եկել են այն միասնական կարծիքի, որ նշված գործընթացները ուղղված են ԱՊՀ երկրներում արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացմանը, ունեն համակարգված և նպատակամիտված բնույթ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այդ գործընթացին ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններին ներգրավում են արևմտյան հատուկ ծառայությունները։ Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել համատեղ ջանքերը՝ այդպիսի գործընթացներին դեմ քայլեր ձեռնարկելու համար։
Լուսանկարը՝ Sputnik / Aleksey Nikolskiy
Մեկնաբանել