
ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքար մասին. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:
«Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր անվանումներով վարկային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գովազդը հիմնականում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյսբուքի» միջոցով:
Այդ կազմակերպությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպատակով առաջարկում են «շահավետ» պայմաններ: Վերջիններս, համաձայնելով առաջարկվող «շահավետ» պայմաններին, համացանցի միջոցով անծանոթներին տրամադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պահանջվող դրամական փոխանցումներ վճարահաշվարկային «Իդրամ», «QIWI» և այլ դրամապանակներին, ինչի արդյունքում էլ դառնում են խարդախության զոհ:
Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առաջարկվող ծառայությունների ու պայմանների իսկությունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են.
- ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համապատասխան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապահովագրական, գրավադրման, վճարահաշվարկային կազմակերպությունների, արժութային կետերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինանսական այլ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել այստեղ։
- Կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղեկություն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինանսական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել այստեղ:
- Զանգել Կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին:
- Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գործունեութան վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայությունների (www.e-register.am) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել հետևյալ հղումով։
- Այցելել կազմակերպությունների գործունեության գրասենյակներ:
- Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղեկավարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալներ ստանալու համար օգտվել նաև համացանցից:
- Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել