HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արցախի անկախության անդառնալիությունը ամենալավը գիտակցում է Թուրքիան

Ըստ Բեհլուլ Օզքանի` Հյուսիսային Կիպրոսի օրինակով Թուրքիան շատ լավ գիտի, թե ինչ է անկախության հռչակումը

«Հետքի» այն հարցին, թե գիտի արդյոք ինչ տոն է հայերի համար, թուրք քաղաքագետ Բեհլուլ Օզքանի փոխարեն պատախանեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` նշելով, որ առավոտյան այդ մասին ասել է թուրք գործընկերոջը: Իսկ մեր դիտարկմանը, թե որպես թուրք քաղաքագետ գիտակցում է արդյոք, որ Արցախի անկախությունն այլեւս անդառնալի իրողություն է, Բ. Օզքանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա աշխարհում ամենալավը Թուրքիան է ընկալում, որովհետեւ 1974-ին նույն Ղարաբաղի նման Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը հիմնվեց:

Աշխարհում ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, այն չի ճանաչում: Մեզ համար էլ էր դա անհետադարձ մի գործընթաց, սակայն 2004-ին Թուրքիան ԵՄ անդամության համար Կիպրոսում ետքայլ արեց (ի նկատի ունի հանրաքվեի անցկացումը): Այսինքն` չի կարելի ասել, որ որեւէ անդառնալի գործընթաց կա»: Նա շեշտեց, որ ԼՂ խնդիրը մեկ օրում լուծվող հարց չէ ու հավելեց, որ ժամանակի ընթացքում տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվում է: Ըստ էության, թուրք գործիչը սրանով ակնարկեց դաշնակից Ադրբեջանի նկրտումների իրականացումը, այնուհետ ասաց, թե հույս ունի, որ հակամարտող հասարակությունները ավելի ժողովրդավարական կդառնան եւ կկարողանան տարբեր լուծումներ գտնել:

«Թուրքիայում Հայաստանին աջակցող որեւէ խումբ, բացի 4-5 գիտնականից ու լրագրողից, չկա»

Օզքանը, համեմատելով հայ եւ ադրբեջանական լոբբիի առկայությունն իր երկրում, նշում է, որ հայկական ազդեցություն Թուրքիայում չկա, Հայաստանին աջակցող որեւէ խումբ, բացի 4-5 գիտնականից ու լրագրողից, այնտեղ չկա: Եվ Թուրքիայում ոչ մեկ այդքան կողմ չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Ու նաեւ չի կարելի ասել, որ Հայաստանը Թուրքիայի համար անհրաժարելի մի երկիր է: Թուրք գործիչը շեշտում է, որ Հայաստանը Թուրքիայի համար այլ կշիռ ունի, իսկ Թուրքիան Հայաստանի համար` այլ. Թուրքիայում Հայաստանը դիտարկվում է որպես 2.5 մլն-ոց մի երկիր փակ սահմաններով, իսկ ինքը` Թուրքիան մեծ կամուրջ է Հայաստանի համար դեպի Եվրոպա, ամենաուժեղ զարգացող երկրներից մեկն է այսօր, ՆԱՏՕ-ի, G-20-ի անդամ է: Անդրադառնալով Թուրքիայում ադրբեջանակն լոբբին` Օզքանը նշում է ադրբեջանական տարբեր ձեռնարկությունները, որոնք իրենց կառավարության լոբբինգի առաջատարներն են:

Հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմ չի լինի. Ադրբեջանը չի ցանկանա կորցնել տնտեսական կապերը

Բ. Օզքանը չի կարծում, թե թուրք-ադրբեջանական վերջին պայմանագիրը տարածաշրջանում բալանս կխախտի: Նա ասում է, որ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցություն միշտ էլ եղել է, ու դժվար թե այս նոր համաձայնագիրը նոր բան ավելացնի կամ փոխի: Բացի այդ` ըստ նրա` շատ ցածր է հավանականությունը, որ հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմ լինի, որովհետեւ «Ադրբեջանը նավթով ու գազով կապված է Թուրքիային ու արտաքին աշխարհին, ու ադրբեջանական իշխանությունները հաստատ չեն ցանկանա որեւէ պատերազմի պատճառով վտանգի ենթարկել իրենց կապերը արտաքին աշխարհի հետ»:

«Թուրքիան մեծապես հիասթափված է Ռուսաստանից, Սեւրն էլ պարզապես երազանք է»

Հարցին, թե եթե Թուրքիան առաջ է քաշում ԼՂ խնդրում առաջընթացի նախապայմանը սահմանը բացելու համար, ապա ինչպե՞ս թուրք հասարկությունը կընդունի մեր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման  նախապայմանը, Օզքանը ասում է. «Բնականաբար, թուրք հասարակությունը սրան դրական չէր արձագանքի: Թուրքիան արձանագրություններում պատմական հանձնաժողովի ներառմամբ ասել է` եկեք նստենք, մեր պատմական խնդիրները քննարկենք: Չեմ կարծում, թե թուրքրեը խուսափում են հայերի հետ այս հարցը քննարկելուց: Բայց լուծելուց առաջ նախ կարեւոր է, որ մենք իրար հասկանանք»:

Պարզվում է` Թուրքիան Ռուսաստանից մեծապես հիասթափված է: Սա Բ. Օզքանի դիտարկումն է: Ըստ այդմ` «Թուրքիան համոզված է եղել, որ Ռուսաստանը մեծ դերակատարում է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ, սակայն վերջին մի տարում տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կարողանում կամ չի ցանկանում ցուցաբերել այդ ակտիվությունը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ուզում է հայ-թուրքական հարաբերությունների լավացում, սակայն չի ուզում հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց, որովհետեւ եթե դրանք զարգանան, Ռուսաստանը Կովկասում անելիք չի ունենա: Հենց Ռուսաստանը չի ուզում, որ հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստանը ԼՂ հարցում սիմվոլիկ զիջման գնա: Եթե թուրք-ադրբեջանական հարաբերությունները վատանան, Թուրքիայի տեղը կգրավի Ռուսաստանը: Այսինքն` Ռուսաստանը մի կողմից ուզում է, որ իր հարավկովկասյան դաշնակից Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանան, մյուս կողմից` ձգտում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատացմանը, որպեսզի Ադրբեջանը հեռանա Թուրքիայից, ու  հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց չլինի եւ ինքը մնա տարածաշրջանում: Թուրքիան արձանագրությունները ստորագրելիս չէր սպասում, որ Ռուսաստանը նման դիրքորոշմամբ կմոտենա այս հարցին»:

Բ. Օզքանն ասում է, որ Թուրքիայում որոշ քաղաքական գործիչներ, «մի օր Սեւր կլինի» ասելով, փորձում են վախեցնել թուրք ազգին եւ քվե են կորզել: «Բայց Սեւրի վերակենդանացմանը ես որեւէ շանս չէի տա,- նշում է թուրք քաղաքագետը:- Երբ 1920-ին Թուրքիան իր ամենաթույլ վիճակում էր, դա տեղի չունեցավ: Այսօր նա ամենաուժեղ երկրներից մեկն է, ու չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա: Դա պարզապես երազանք է»:

Լուս.՝ armenianow.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter