HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Նախկին պատգամավորի կարծիքով՝ Գյումրու ավագանու ընտրություններում պետք է բացառվեն ԱԺ արտահերթի արդյունքները

Նախկին ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, պատգամավորական լիազորությունները դադարեցնելուց հետո, վերադարձել է մասնագիտական եւ հասարակական գործունեությանը: Ներառական կրթության ոլորտի մասնագետ, մանկավարժ-հոգեբանը շարունակում է դասախոսություններ կարդալ, վերապատրաստումներ անել տարբեր մարզերում՝ ոլորտի ներկայացուցիչների համար: 

«Պատգամավորի մանդատը ինչ-որ թռիչքային փոփոխություն չէր իմ կյանքում, որ դրանից զրկվելն էլ հանկարծ տրագիկ տրամադրությունների կամ արարքների հանգեցներ: Ինչպես որ դրանից առաջ էի ապրել ու գործունեություն ծավալել, նույնն էլ հիմա եմ շարունակում՝ կրկին մարդկանց հոգսերով, հասարակական խնդիրներ բարձրաձայնելով, դրանց համար դռներ թակելով եւ այլն: Անգամ նյութական առումով փոփոխություն չի գրանցվել,-Սոֆյան ծիծաղում է,-տունս կիսատ է կահավորված՝ էն ինչ արել էի մինչեւ պատգամավոր դառնալս, իսկ անցած 3 տարիների ընթացքում չեմ կարողացել եղածի վրա ինչ-որ բան ավելացնել գոնե 0,1 տոկոսով, բայց չեմ նեղվում, համարում եմ, որ ավելի կարեւոր առաքելություն ունեի: Իսկ էն պատգամավորները, ովքեր տներ առան, մեքենաներ, բարեկամ-ընկերներին պաշտոնների նշանակեցին, փաստացի իրենց առաքելությունն էլ դա էր»,-ասում է Ս. Պողոսյանը։

Զրուցակցիս փոխանցմամբ, միակ բանը, որ կարողացել է հետ գցել անցած երեք տարիների ընթացքում՝ պարտքերն են: Կուտակել է բավականին մեծ փոխառություններ՝ վարկերի տեսքով, մասնավորապես՝ պատերազմի ժամանակահատվածում: Գումարները ծախսվել են զինվորի համար անհրաժեշտ իրերի գնման նպատակով: Հիմա էլ, թեպետ այդ ամենը մասնավորի խնդիրը չէ, շարունակում են ընկերներով ու համախոհներով գումարներ հայթայթել վրանների, քնապարկերի, գիշերային դիտարկման սարքերի համար: Շարունակում է զբաղվել սահմանամերձ գյուղերի խնդիրներով։

Հարցնում եմ՝ միթե իշխանական թեւի պատգամավոր լինելը գոնե անցած երեք տարիներին ոչ մի առավելություն չի տվել:

«Մինչեւ հարցին պատասխանելը կուզենայի մի պարզաբանում անել, որովետեւ շատերի մոտ թյուր պատկերացում կա, որ մնացել է մինչեւ օրս: Ես ԱԺ պատգամավոր դարձել եմ «Իմ քայլը» դաշինքից, բայց ես երբեք չեմ եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Ինձ համար այնքան էլ հեշտ չի եղել իշխանական թեւում գործունեություն ծավալելը, քանի որ շատ հարցերում ունեցել եմ տարբերվող դիրքորոշում, որը չեմ թաքցրել: Եթե գնահատեմ գործունեությանս այս կարճ ժամանակահատվածը, ապա, վստահաբար, կարող եմ ասել, որ աշխատել եմ արդյունավետ,-նկատում է Սոֆյա Հովսեփյանը։-Եթե արհեստական կամ օբյեկտիվ պատճառներով առաջացած պրոբլեմները չլինեին, շատ ավելին կկարողանայի անել»

ԿԳՄՍ հանձնաժողում ընդգրկված լինելը նախկին պատգամավորին չի խանգարել իրեն դիմած մարդկանց խնդիրներով զբաղվել նաեւ ոլորտից դուրս: Ունի համոզմունք, որին չի դավաճանում՝ չի կարելի մարդուն հուսախաբ անել: Գուցե ամենահեշտ տարբերակն այն է, երբ մերժում ես՝ շեշտելով, թե դա քո ոլորտին չի վերաբերում:

«Ես աշխատել եմ բոլոր ոլորտներում օգտակար լինել: Եթե դիմել են, նշանակում է` վստահ են, որ խնդիրը հենց իմ լուծելու ուժերի սահմաններում է: Ես միշտ համոզված եմ եղել, որ եթե դու գործող պատգամավոր ես, եւ անգամ տվյալ հարցը չես պատկերացնում, ապա պարտավոր ես այն հասցնել հասցեատիրոջը, նաեւ հետեւողականություն ցուցաբերես, տեսնես՝ լուծում ստացավ, թե չէ,-ասում է զրուցակիցս,-երբեք անձնական շահով չեմ առաջնորդվել: Կարող էի, չէ՞, մյուսների նման օգտվել փափուկ պատառից ու ոչ մի բանի չխառնվել, բայց դա իմ աշխատելաոճը չէ»:

Հեռու մնալ քաղաքականությունից առայժմ չի ստացվում: Զրուցակցիս պնդմամբ՝ չեն թողնում: «Շատերի համար, իներցիայի ուժով, շարունակում եմ մնալ պատգամավոր, եւ հարցերով էլ, որ դիմում են, շատ հաճախ էնպիսին են, որ պիտի մանդատ ունեցողները բարձրաձայնեն: Ցավոք սրտի, իշխանական պատգամավորները հակված չեն հարցին լուծում տալու: Ավելին ասեմ, երբ խնդրի մասին նրանց տեղեկացնում ես, դրանից հետո դառնում են անհասանելի: Ստիպված եմ լինում անձամբ դիմել համապատասխան կառույցներին, ինչպես անում էի պատգամավոր եղած ժամանակ, կամ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր ավելի բաց են հարցը լսելու եւ համապատասխան լուծման վրա աշխատելու առումով»:

Նախկին պատգամավորին մտահոգում են հոկտեմբերի 17-ին Գյումրու ավագանու եւ դեկտեմբերի 5-ին համայնքների խոշորացման նպատակով անցկացվող ընտրությունները: Ասում է՝ չէր ուզենա, որ ընտրությունը կատարվի նույն սկզբունքով, ինչպես ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ եղավ: 

«Ես չէի ուզենա որ ԱԺ արդյունքները փոքր մասշտաբով պրոյեկտվեն Գյումրու վրա: Չեմ ուզենա տեսնել ատելության այն մթնոլորտը, որով ներկաներն եկան իշխանության: Լավ կլիներ, որ ընտրությունները մեկ տարով հետաձգվեին, մարդիկ կկարողանային հետեւություններ անել, հասկանալ դրական եւ բացասական մի շարք հարցեր ու գիտակցված գնային ընտրության, ոչ թե մերժելով մեկին՝ ընտրեն մյուսին: Ես խորհուրդ կտայի գյումրեցիներին ուշադիր ուսումնասիրել ցուցակները, հատկապես առաջին տեղերում գտնվողներին, իրենք իրենց հարց տալ՝ կուզենայի՞ն արդյոք այդ մարդուն տեսնել՝ որպես Գյումրու քաղաքապետ, թե չէ,-խորհուրդ է տալիս Սոֆյա Հովսեփյանը,-կոնկրետ ինձ համար անընդունելի է, որ ՏԻՄ ղեկավարման են ձգտում մարդիկ, որոնք ոչ թե մինիմալ գիտելիքներ ունեն ոլորտից, այլ բացարձակ անտեղյակ են: Արժանի՞ է արդյոք Գյումրին ու գյումրեցին նման ցուցակներով աթոռակռվի ելածների կողմից իշխանություն վերցնելուն, դա էլ արդեն քաղաքի բնակիչների մտածելիքն է: Որովհետեւ վաղը, մյուս օրը, երբ խնդիրները չլուծվեցին, ու պահանջ դրվեց, պատասխանելու են, թե մեզ քվե դուք եք տվել»:

Ասում է, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ, երբ քննարկել են համայնքների խոշորացման հարցը, մշտական հավաստիացում է ստացել, թե անպայման հաշվի է առնվելու բնակիչների կարծիքը՝ չեն ուզի, չեն խոշորանա:

«Բայց հիմա տեսեք, թե ինչ են անում՝ սովետական շրջաններն են վերականգնում՝ նախկին շրջկենտրոններով: Սրանով նաեւ իրենց սուղ մարդկային ռեսուրսի հարցն են ուզում լուծել: Խորհրդային շրջաններն են վերականգնում, խորհրդային սահմաններից են անընդհատ խոսում, շուտով գուցե լսենք նաեւ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter