HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանազատմանը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով

Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ սահմանազատման հարցով՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով։ Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ։ Մենք պատրաստ ենք սահմանազատման հարցով բանակցություններ սկսել Հայաստանի հետ ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- հայտարարել է Ալիևը։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանի հետ պատրաստ է նաև բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։ «Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը։ Հուսանք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,- նշել է Ալիևը։ 

Հոկտեմբերի 15-ին առցանց ձևաչափով ընթանում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով իրական կայունության ու խաղաղության:

«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ առանցքային դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոփոխությունների շեմին, և քաղաքական կամքի դրսևորման պարագայում դրանք կարող են էականորեն փոխվել առկա պատկերը՝ իրական խաղաղություն ու կայունություն ձևավորման համար պայմաններ ստեղծելով»:

«Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր տեսլականին: Կառավարության նպատակներից մեկն է նոր դարաշարջանի բացումը մեր երկրի և մեր տարածաշրջանի խաղաղ զարգացման համար»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ դժվար է պատկերացնել այն սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, որոնք ոչ վաղ անցյալում խախտվել էին Ադրբեջանի կողմից ու որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում։ «Մասնավորապես նկատի ունեմ սահմանների Սոթք–Խոզնավար հատվածը։ Մենք մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք իրականացնել զինված ուժերի հայելային հետքաշում` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների` ԽՍՀՄ քարտեզներում ամրագրված ու իրավականորեն հաստատված սահմանները»,– նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ սահմանին կարող են տեղակայվել ՌԴ սահմանապահները կամ միջազգային դիտորդները։

Լուսանկարը՝ ombuds.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter