«Եթե այս իշխանությունները մի քիչ խելք ունենան…»
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասում է, որ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն տալու համար իշխանություններին տրվել է հնարավորություն` բանական ժամկետում հարցը լուծելու համար: Նա ասում է, որ արհեստականորեն ժողովրդի օրինական իրավունքները ոտնահարելը երկար տեւել չի կարող. «Մեզ պետք է ամբողջ հասարակությանը, միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա ուղղակի սաբոտաժ է իշխանությունների կողմից: Նրանք ուղղակի զբաղված են առանց որեւէ պատճառի օրենքները խախտելով, միայն թե թույլ չտան հանրահավաք Ազատության հրապարակում»: Բանախոսը նշում է, որ իրենք մեկ հանրահավաքով չեն սահմանափակվելու:
Ըստ Զուրաբյանի` «Եթե իշխանությունները համարեին այս շարժումը, Կոնգրեսը մարգինալ, ազդեցություն կորցրած եւ այլն, նրանց ոչինչ չէր խանգարի թողնելու, որ հանրահավաք անցկացվի: Նրանք վախենում են դրանից: Սա ամենալավ խոստովանությունն է ժողովրդի տրամադրությունների մասին, որը իշխանությունները կարող էին անել: Հավատացեք, որ իշխանությունը, անցկացնելով իր գաղտնի սոցիոլոգիական հարցումները, շատ ավելի լավ է տիրապետում ժողովրդի տրամադրություններին, քան մենք, որ, այնուամենայնիվ, առաջնորդվում ենք մեր ինտուիցիայով: Նրանք շատ լավ գիտեն, որ միացյալ ընդդիմությունը, ՀԱԿ-ը ժողովրդի կողմից ընկալվում է որպես այլընտրանքային ուժ, որն ի վերջո կարող է ապահովել ժողովրդի հաղթանակը»:
Մատենադարանի մոտ տեղի ունենալիք առաջիկա հանրահավաքին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին Զուրաբյանը նշեց. «Ես միայն կարող եմ կանխատեսել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լինելու է բավականին անակնկալ եւ շատ լուրջ նոր շեշտադրումներ է ունենալու: Կարծում եմ, որ մեր պայքարն էլ իր ելույթից հետո նոր ընթացք կստանա»:
Հարցին, թե ինչ տարբերություն կա Ազատության հրապարակի եւ Մատենադարանի միջեւ, ՀԱԿ համակարգողն ասում է, որ այստեղ ոչ մի քմահաճույք կամ ավելորդ բան չկա. «Սա ժողովրդի պայքարն է իր օրինական իրավունքների իրագործման համար: Ոչ ոք իրավունք չունի արհեստականորեն, ապօրինաբար սահմանափակել ժողովրդի իրավունքները: Սա պարզ ճմարտություն է: Այն ժողովուրդը, որը հաշտվում է նման իրավիճակի հետ, մյուս անգամ կհաշտվի նաեւ իր նկատմամբ օկուպացիայի հետ: Մենք ուրիշ բան չենք ուզում: Մենք ընդամենը պայքարում ենք ժողովրդի օրինական իրավունքների համար»:
Զուրաբյանի փոխանցմամբ` արտահերևթ ընտրությունների պահանջն ընդդիմությունն այսօր էլ ամենակենսականն է համարում ժողովրդի համար, քանի որ «մեր բոլոր ցավերի ապաքինման ամենակարեւոր դեղամիջոցը սա պիտի լինի»:
ՀԱԿ-ի ներկայացրած կենսաթոշակային ռեֆորմի գլխավոր տարբերությունը իշխանության ծրագրից, ըստ Զուրաբյանի, այն է, որ իրենք կուտակային մուծումները չեն համարում պարտադիր. «Եթե կուտակայինը դառնա պարտադիր մուծում, ինչպես առաջարկում են իշխանությւնները, ապա դա լրացուցիչ բեռ է լինելու մեր բիզնեսի վրա: Մենք նաեւ հնարավորություն ենք ստեղծում թոշակառուների համար ավելի հեշտ հանել այն միջոցները, որոնք կուտակվել են իրենց հաշիվներում եւ բազմաթիվ այլ տարբերություններ: Կամավոր կուտակային ձեւը, ըստ մեզ, ճիշտ է այսօր եւ չի ստեղծի սոցիալական լարվածություն»: Ընդ որում, հաջորդը լինելու է ՀԱԿ-ի գիտության եւ կրթության ծրագիրը:
Երրորդ ուժի կամ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին լուրերին Լ. Զուրաբյանը պատասխանում է. «Ես 2,5 տարի լսում եմ, որ հեսա Ռոբերտ Քոչարյանը ակտիվանալու է, որ հեսա ստեղծվելու է մի նոր ուժ, երրորդ ուժ, ամեն օր դրա մասին խոսում են, բա խի՞ չեն անում: Մենք շատ հանգիստ ենք արձագանքում դրան: Կենտրոնացած ենք բռնապետության դեմ պայքարի վրա: Եթե ստեղծվելու է նոր ակտիվ ուժ, որն օգնելու է մեզ այդ պայքարում, մենք միայն կողջունենք, եթե ստեղծվելու է մի նոր ուժ, որն իրականում փորձելու է շեղել մեր պայքարը կամ ժողովրդին, բնականաբար, այդ ուժի մասին մենք ամեն ինչ կասենք, ցույց կտանք, որ նրանք իրականում կատարում են շանթարգելի ֆունկցիա: Բնականաբար, դա ինչ-որ մի պրոյեկտ է` իշխանության կողմից մոգոնված: Ու մեր քարոզչության կարիքն էլ չի լինի, ժողովուրդը դա անմիջապես կզգա»:
Այսօրվա եւ առաջին իշխանությունների միջեւ Լեւոն Զուրաբյանը հսկայական տարբերություն է տեսնում: Դա արտաքին մարտահրավերների դեմ պայքարում պետական մտածելակերպի առկայությունն է մեկի եւ բացակայությունը` մյուսի մոտ: «Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք մենք համագործակցում էինք ամենաարմատական ընդդիմության հետ: Երբ ինչ-որ նախաձեռնության դեմ հանրահավաք պետք է լիներ, մենք խնդրանքով դիմում էինք ընդդիմությանը, եւ վերջինս էլ, ելնելով պետական շահերից, այդ խնդրանքը կատարում էր, ու դա իրականում ապահովում էր պետական անվտանգության մի պաշար: Եթե այս իշխանությունները մի քիչ խելք ունենան, իրենք նույն կերպ կվարվեն: Բայց դրա համար գոնե պիտի հասկանան, որ պետք է լուծել քաղբանտարկյալների հարցը: Առանց այդ հարցի լուծման անգամ գաղտնի համագործակցությունը պետական անվտանգության համար կարեւոր հարցերի շուրջ անհնար է: Դրա համար էլ ասում եմ, որ սրանք պետական մտածողություն չունեն: Ընդդիմությունն իր կողմից կատարեց բոլոր քայլերը, շատ հաճախ ընդդիմության քայլերը եղել են ի վնաս իր ակտիվության, վարկի, համակիրների բազայի ընդլայման: Բայց մենք գնացել ենք այդ քայլերին, որովհետեւ մտածել ենք պետականորեն: Նույնը այս իշխանությունների մասին չի կարելի ասել: Նրանք երբեք չարձագանքեցին որեւէ բանական նախաձեռնության: Երբեք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել