HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին Հայաստանի 3-րդ զեկույցի դիտարկումը

Հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի 133-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման վերաբերյալ ՀՀ երրորդ ազգային զեկույցի առցանց դիտարկումը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ներկայացնելով իր հերթական ազգային զեկույցը` Հայաստանը վերահաստատեց սույն Դաշնագրով ստանձնած պարտականությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որը ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, պատասխանեց Դաշնագրի դրույթների իրականացումը վերահսկող մարմնի՝ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի փորձագետների բազմաթիվ հարցադրումներին:

Մարդու իրավունքների կոմիտեի անդամների հետ կառուցողական երկխոսության ընթացքում անդրադարձ է արվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին, բռնության և խտրականության ցանկացած դրսևորումների դեմ մեր երկրում իրականացվող քաղաքականությանը և դրանից բխող ծրագրերին:

Խոսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին (Դաշնագրի հոդված առաջին)՝ ՀՀ պատվիրակության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2020թ․ ԼՂ ժողովրդի հանդեպ իրականացված ագրեսիայի վրա, որն ըստ էության ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքի հանդեպ ոտնձգությունն էր: Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության խնդրին և անդրադարձ արվեց հումանիտար կազմակերպությունների մուտքը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին:

ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեին զեկուցվել է Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների մասին, որոնք ուղղված են մարդու իրավունքների ապահովմանը, դրանց շարքում նշելով ազատ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, պայքարը կոռուպցիայի դեմ:

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը շարունակելու ջանքերը՝ ուղղված կանանց իրավունքների, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանը, ապահովելով նաև գենդերային հավասարության քաղաքականության հետևողական իրականացումը: Հայաստանը վերահաստատեց ազգային, ռասայական, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և նրանց խնդիրների հաղթահարմանն ուղղված քաղաքականությանը: Այս տարի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (CCPR) իրականացման մասին ազգային զեկույցի դիտարկումն իրականացվել է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետության կարգավիճակով:

Հայաստանի զեկույցի դիտարկումը հեռարձակվում էր UN WebTV ալիքով: Կոմիտեի կողմից զեկույցի քննարկումն ու եզրափակիչ դիտարկումների (Concluding observations) ընդունումը տեղի կունենա փակ նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter