HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում սկսվել են Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեցին Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է IDeA հիմնադրամի լրատվական ծառայությունը: 

Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլովայգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։

Հոկտեմբերի 14-ին այգու շինարարական աշխատանքների մեկնարկը ազդարարվեց խորհրդանշական միջոցառմամբ այգու նախկին տնօրենի դուստրը՝ Նարինե Ազարյանը գյումրեցի երիտասարդների մասնակցությամբ արխիվային թղթադրամ տեղադրեց այգու տարածքում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գյումրի համայնքի բնակիչներ, արվեստագետներ և քաղաքի հյուրեր։  

«Այսպիսի հրաշալի ենթակառուցվածքները լուրջ ձգողության կետեր են առաջացնում ընդհանրապես Հայաստանի համար, և մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, կունենան ևս մեկ լավ առիթ այցելելու Գյումրի։ Բոլորիս շնորհավորում եմ այս լավ նախագիծը սկսելու առիթով և մաղթում, որ գյումրեցիները հնարավորինս շուտ ունենան այս այգին»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,8 մլն դոլար, որից 3,2 մլն դոլարն արդեն ներդրվել էhիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ ՀՀ կառավարությունը 1,6  մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

«Ես շնորհակալ եմ թե՛ համայնքի ղեկավարությանը, թե՛ կառավարությանը, թե՛Համաշխարհային բանկին, թե՛ «Ազնավուր» հիմնադրամին ու մեր բոլոր գործընկերներին, որոնք արել են ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականանա: Ես վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասաց «Քաղաքաշինության և զբոսաշրջության» (ТUF) բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլև կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, և արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջև:

«Ուրախ եմ, որ նման մեծ նախագծի սկիզբ ենք դնում: Կառավարություն, համայնք և հիմնադրամ եռանկյունու համագործակցությամբ մենք կունենանք հրաշալի միջավայր Գյումրիում: Մոտ 900 միլիոն դրամի աշխատանքներ կիրականացվեն և այգու հարակից տարածքը իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ կբարեկարգվի։ Բոլորս ամեն ինչ կանենք, որ այն ինչ մեր մտքում է, գաղափարներում և թղթի վրա, դառնա գեղեցիկ իրականություն»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Միջոցառման ավարտին մասնակիցները կարճշրջայց ունեցան այգու տարածքում կոնցեպտուալ նախագծի հեղինակների և նախագծում մասնակցություն ունեցող համայնքի երիտասարդների ուղեկցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter