HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Առաջարկում են մերժել այն ավիաընկերություններին, որոնց տերերն ունեն վատ հեղինակություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որին ենթարկվում է քաղավիացիայի կոմիտեն, առաջարկում է սահմանափակումներ մտցնել «Ավիացիայի մասին» օրենքում: Դրանք վերաբերում են առեւտրային թռիչքներ կատարելու համար առանցքային նշանակություն ունեցող օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) տալու պայմաններին:

Նախարարությունն առաջարկում է, որ օրենքով քաղավիացիայի կոմիտեն իրավունք ունենա մերժել ՕՇՎ-ի տրամադրումը, եթե առկա է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաեւ պետության անվտանգության կամ ավիացիայի բնագավառում հեղինակության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների առաջացման հնարավորություն կամ վտանգ: Ըստ առաջարկության՝ կոմիտեն կարող է մերժել նաեւ այն ավիաընկերությունների հայտերը, որոնց կառավարման լիազորություններ ունեցող անձն (ընկերության խորհրդի անդամ, գլխավոր տնօրեն, խոշոր բաժնեմաս ունեցող անձ եւ այլն) ունի տնտեսվարողի վատ հեղինակություն՝ կապված ավիացիոն ոլորտի գործունեության հետ:

Մինչ այժմ նման սահմանափակումներ ՕՇՎ տրամադրելու գործընթացում չեն եղել:

Նախարարությունն առաջարկում է նաեւ, որ եթե ավիաընկերությունն արդեն ունի ՕՇՎ, բայց դրա գործունեության ընթացքում ի հայտ են գալիս վերը նշված հիմքերը, որոնք հնարավոր չէ վերացնել, ապա կոմիտեն կարող է դադարեցնել վկայականի գործողությունը:

Չենք կարող չնկատել, որ նախարարությունն այս սահմանափակումներն առաջարկում է այն բանից հետո, երբ 2019-ից ի վեր տարբեր պատճառներով դադարեցվել կամ չեն երկարաձգվել հայկական 5 ավիաընկերության ՕՇՎ-ների ժամկետները: Այս ընթացքում, հիշեցնենք, 2020-ին հայկական ավիացիան հայտնվեց Եվրամիության «սեւ ցուցակում» (դրանում մեղավորության իր մեծ բաժինն ունի քաղավիացիայի կոմիտեն, որի թույլ վերահսկողությունը տեղական ընկերությունների նկատմամբ բերեց նման հետեւանքների), այս տարվա փետրվարին էլ նոր սկանդալ ծագեց հայկական գրանցումով ինքնաթիռի՝ Իրանում չնախատեսված վայրէջքով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջարկած օրինագիծն այս պահին տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am միասնական կայքում, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ: Վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է, որից հետո այն ներկայացվելու է կառավարության քննարկմանն ու հաստատմանը, ինչից հետո կուղարկվի Ազգային ժողով՝ ընդունման:

Ժամանակը ցույց կտա, թե որոնք կլինեն այն առաջին ավիաընկերությունները, որոնց ՕՇՎ ստանալու հայտերը կոմիտեն կմերժի՝ հիմքում դնելով այս սահմանափակումները: Դատելով որոշ հանգամանքներից (մասնավորապես՝ ՔԱԿ-ի ղեկավարության հետ ունեցած խնդիրներից)՝ այդպիսիք արդեն նշմարվում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter