
Իտալական խոշորագույն Alitalia ավիաընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը
Իտալական խոշորագույն Alitalia ավիափոխադրողը, սնանկության ընթացակարգի շրջանակում, պաշտոնապես լուծարվել է։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հոկտեմբերի 15-ից թռիչքներն իրականացնում է վերակազմակերպման ընթացքում ստեղծված Italia Transport Aereo (ITA) ընկերությունը։ Նրան բաժին է հասել 52 ինքնաթիռներից բաղկացած ավիապարկը, ընդ որում աշխատակիցների թիվը 10 000-ից կկրճատվի մինչև 2800-ի։
Alitalia ապրանքանիշը և AZ թռիչքների պատմական կոդերը նույնպես կփոխանցվեն նոր ընկերությանը։ Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել Alitalia-ի լուծարման շեմին։ Alitalia-ն իր վերջին թռիչքն իրականացրել է հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ Կալյարի-Հռոմ երթուղով։
Alitalia-ն հիմնադրվել էր 1946 թվականին։ 2014 թվականից ընկերությունը պաշտոնապես դադարել էր լինել Իտալիայի ազգային ավիափոխադրողը, երբ դրա բաժնետոմսերի 49 %-ը փոխանցվել էին Etihad Airways-ին։
Վերջին տարիներին ընկերությունը հայտնվել էր սնանկության շեմին։ 2017 թվականին Alitalia-ում հայտարարվել էր արտակարգ կառավարման ռեժիմ, իսկ այդ պահից սկսած՝ կառավարությունից ստացել ավելի քան 1,3 միլիարդ եվրոյի վարկ։ Alitalia-ի գործունեության դադարեցման վերջնական որոշումն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ ավիափոխադրումների կրճատման պատճառով։
Լուսանկարը՝ Remo Casilli/REUTERS
Մեկնաբանել