HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն վերադարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ Միացյալ Նահանգների վերադարձին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Դրա համար անհրաժեշտ էր ձայների պարզ մեծամասնությունը։ ԱՄՆ-ն հայտնվել է այն 18 երկրների թվում, որոնք ընտրվել են Խորհրդի կազմում։ Այդ երկրների թվում են նաև Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հնդկաստանը, Արգենտինան, Ղազախստանը, Քաթարը, ԱՄԷ-ն, Էրիթրեան և այլն։  

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2022-2024 թվականներին մտադիր է լինել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։

«Մենք խոնարհաբար խնդրում ենք ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ աջակցելու Խորհուրդ վերադառնալու մեր ձգտմանը»,- փետրվարի 24-ին հայտարարել էր Բլինկենը։ 

Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը մասամբ կիսում է Խորհրդի հասցեին ուղղված քննադատությունը, որն արտահայտում էր Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Մասնավորապես, Բլինկենը հայտնել է՝ խոսքը գնում է Իսրայելի նկատմամբ Խորհրդի կանխակալ վերաբերմունքի մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն մտադիր է համոզվել, որ Խորհրդի անդամ երկրները համապատասխանում են մարդու իրավունքների ոլորտում առկա «բարձր չափանիշներին»։ ԱՄՆ-ն այդ կառույցից դուրս էր եկել 2018 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2006 թվականին փոխարինելու էր եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որը գոյություն ուներ 1946 թվականից։ Խորհրդի կազմում 47 երկրներ են, որոնց երեք տարի ժամկետով ընտրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։ Արևելյան Եվրոպայի երկրները Խորհրդում ունեն 6 տեղ, Ասիան և Աֆրիկան՝ 13, Լատինական Ամերիկան՝ 8, իսկ Արևմտյան երկրները, ԱՄՆ-ն, Կանադան և Իսրայելը միավորող խումբը՝ 7 տեղ։ Ներկայումս Խորհրդի կազմում են նաև Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան։

Լուսանկարը՝ Denis Balibouse / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter