
Ռուսաբնակ Ֆիոլետովոյում համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու
Հոկտեմբերի 17-ին Լոռու մարզի բացառապես մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնքում ևս համայնքապետ են ընտրելու։ Ֆիոլետովո համայնքում մրցակցության մեջ են համայնքապետի 3 թեկնածու՝ 1985թ․ ծնված Վալերի Վլադիմիրի Նազարովը, 1991թ․ ծնված Պավել Անդրեյի Զադորկինը և 1964թ․ ծնված Ալեքսեյ Ալեքսեյի Չիչյովը։ Բոլոր 3 թեկնածուներն էլ անկուսակցական են, ինքնաառաջադրված։
Նախկին համայնքապետ Ալեքսեյ Նովիկովը ևս անկուսակցական էր։ 75-ամյա համայնքապետը գյուղը ղեկավարել է դեռևս 1995թ․-ից, սկզբում որպես գյուղխորհրդի նախագահ, իսկ 1996-ից արդեն որպես համայնքապետ։ Այս անգամ չի առաջադրվել՝ արդեն իր տարիքը հաշվի առնելով։
Ֆիոլետովոն մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 25 կմ։ Գյուղը ծովի մակերևույթից բարձր է 1715 կմ։ Ունի շուրջ 390 տնտեսություն։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ։ Մոլոկանները խիստ ավանդապահ են, հետևողական իրենց սովորություններին և հավատքին։
Թեև Ֆիոլետովոյից մեծ արտագաղթ չի եղել դեպի Ռուսաստան, այնուամենայնիվ, բնակչության թիվը վերջին տասնամյակում նվազել է։ Այսօր Ֆիոլետովո համայնքում ընտրելու իրավունք ունի 931 քաղաքացի, որոնք պետք է ընտրեն 24/1 ընտրատեղամասում։
Այստեղ առաջին ընտրողը քվեարկել է ժամը 8։23-ին։ Ինչպես նշեցինք, մոլոկանները խիստ ավանդապաշտ են, նրանք կիրակին նվիրում են Աստծուն, իրենց համար Աստծո օրն է: Կիրակին նրանց համար ոչ աշխատանքային է, գործնական ոչ մի հարցով չեն զբաղվում: Օրը սկսում են աղոթքով: Եվ դա է պատճառը, որ մինչ այդ ժամը դեռ ընտրող չկար: Տեղամասում ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ, վստահված անձինք։
Մարինա Անդրեասյան
Մեկնաբանել