HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աչքներս ջուր կտրեց մարդկանց սպասելով»․ Դիլիջանի ընտրատեղամասերում ձանձրանում են

«Աչքներս ջուր կտրեց մարդկանց սպասելով»,- ասում են Դիլիջան խոշորացված համայնքի 38/08 ընտրատեղամասում։ Այստեղ հանձնաժողովի անդամները կատակում են. «Ամոթ էլ է՝ պարապ նստում ենք և դրա դիմաց դեռ գումար էլ ենք ստանալու»։

Ձանձրույթն այս ընտրատեղամասի իրավիճակը բնութագրող միակ երևույթը կլիներ, եթե քաղաքացիներից մեկը չցանկանար քվեարկել ուկրաինական անձնագրով և իր մոտ առկա կացության քարտով։ Երբ մասնագետն անձնագիրը սարքի միջով անցկացրեց, սարքի էկրանին դեղին նշան հայտնվեց։ Քաղաքացին այս անգամ հեռացավ առանց ընտրելու, սակայն տարակուսած՝ անունը ցուցակում առկա է՝ ասում էր։ Մասնագետը կապ հաստատեց տարածքային հանձնաժողովի հետ, վերջինիս փոխանցեցին, որ կացության քարտի տվյալները մուտքագրելու տարբերակը փորձի։ Ավելի ուշ, երբ քաղաքացին վերադարձավ, մասնագետը մուտքագրեց նաև կացության քարտի տվյալները, թեև նշում էր, որ օրենքում նման դրույթ ամրագրված չէ։ Սարքը չգտավ քաղաքացու տվյալները, վերջինս դարձյալ հեռացավ առանց ընտրելու։

38/08 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ 820 գրանցված ընտրողից ընտրություն է կատարել 161-ը։ Այս ընտրատեղամասում դիտորդներ չկան։

38/10 ընտրական տեղամասում ևս խաղաղ է, որևէ արձանագրություն չի կազմվել։ Սակայն ընտրական տեղամասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահի և մյուսների աջակցությամբ շարժողական խնդիր ունեցող ընտրողը կարողացավ իրացնել իր ընտրական իրավունքը։

38/10 ընտրատեղամասում ժամը 14։00-ի դրությամբ 1307 գրանցված բնակիչներից արդեն քվեարկել է 251-ը, օգնող ստանալու համար գրանցվել է 6 ընտրող։ Այստեղ շրջիկ դիտորդություն են իրականացրել «Ուղղակի ժողովրդավարություն» և «Ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչները։

39/09 ընտրատեղամասում կազմվել է միայն մեկ արձանագրություն։ Քաղաքացիներից մեկը ստորագրել էր մյուսի փոխարեն։ Խնդիրը հարթվել էր արձագրության կազմումից հետո։ Երկու քաղաքացիներն էլ չեն զրկվել ընտրությանը մասնակցելու իրենց իրավունքից։

Ժամը 14։00-ի դրությամբ այստեղ գրանցված 1281 բնակչից ընտրել է 270-ը։ Այս ընտրատեղամասում դիտորդական առաքելություն են իրականացնում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը։

Ակտիվության չկա գրեթե ոչ մի տեղամասում։ 38/1 ընտրատեղամասում ժամը 15:00-ին 1221 գրանցված ընտրողից 333-ն է կատարել քաղաքացիական պարտքը, 38/2-ում 1106-ից` 280-ը, 38/3-ում 1784-ից` 418-ը, 38/4-ում 1712-ից` 394-ը, 38/5-ում 1009-ից` 206-ը։

Ընտրատեղամասերում ակտիվություն է գրանցվում միայն, երբ մարդիկ ընտանյոք հանդերձ են գալիս ընտրությունների։

Նանե Պետրոսյան

Աննա Արզումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter