
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Մահացել է Հայաստանի քաղաքական գործիչ, ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եւ ՀՀՇ վարչության նախագահ, Հայաստանի գրողների միության անդամ Վանո Սիրադեղյանը։ Տեղեկությունը «Չորրորդ իշխանություն» պարբերականին հայտնել են Սիրադեղյանի ընտանիքի անդամները:
Հարազատների փոխանցմամբ՝ Սիրադեղյանը մահացել է նախօրեին։ Այլ մանրամասներ հայտնի չեն:
Վանո Սիրադեղյանը Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի, Երևանի քաղաքապետի պաշտոնները:
2000 թվականի ապրիլից մինչ օրս նա հետախուզման մեջ էր, մեղադրվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառք ստանալը: Մեղադրանքն առաջադրվել էր 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց եւ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ 1999 թվականի մայիսին նա ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000թ. -ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց դատախազության միջնորդությունը Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին, եւ նա փախուստի դիմեց։
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի» արխիվից
Մեկնաբանել