HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Անդրեասյանը ԵԽ բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը

Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ 

Նախարար Անդրեասյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին Արդարադատության նախարարությունում և ընդգծել, որ ԵԽ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ ընտանեկան բռնության դեմ պայքար, Պրոբացիայի ծառայության բարելավում, ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանություն, դատական ​​բարեփոխումներ, հակակոռուպցիոն պայքար և այլն։

Արդարադատության նախարարության հաղորդագրությանն համաձայն՝ այդ համատեքստում Կարեն Անդրեասյանն իր երախտագիտություն է հայտնել ԵԽ-ին և առանցքային դոնոր երկրներին` Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամության համար:

Ի պատասխան ԵԽ դեսպանների հարցերի՝ նախարար Անդրեասյանն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների, դատաիրավական համակարգի թվայնացման գործընթացներին, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տներ»-ի ստեղծման ծրագրին,  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացման հնարավորություններին, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին, Պարեկային ծառայության մոդելով նոր և բարեվարք ծառայողներով քրեակատարողական հիմնարկ կառուցելուն և այլն։

Պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը նշել է, որ ոգևորված է իրականացված բարեփոխումներով և նախատեսվող ծրագրերով ու հաջողություն է մաղթել հավակնոտ օրակարգը իրականացնելու ճանապարհին։ 

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության Ծրագրերի Գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, այլք։ Պատվիրակությանն ուղեկցել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter