
Արարատի և Արմավիրի մարզերում վաճառքի հանված ոչ սպանդանոցային ծագման մսի իրացումը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ Տեսչության անասնաբուժության վարչության մասնագետների, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի ու Արմավիրի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում Արարատի մարզի 8 համայնքում՝ ներառյալ Արարատ, Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքները, և Արմավիրի մարզի 6 համայնքում՝ ներառյալ Էջմիածին ու Արմավիր քաղաքները, կատարվել է 41 ստուգայց:
Արարատի մարզում՝ 8, իսկ Արմավիրի մարզում 6 տնտեսավարողների մոտ առկա միս-մսեղիքի համար սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը չի ներկայացվել: Այդ խանութներում վաճառքի հանված ոչ սպանդանոցային ծագման մսի ողջ խմբաքանակի (Արարատում՝ մոտ 311կգ, իսկ Արմավիրում՝ մոտ 510կգ), իրացումը կասեցվել է և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Տեսչական մարմինը հորդորում է սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
Մեկնաբանել