HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսից հետո առաջացած բարդացումներից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Մահացել է ԱՄՆ Պետքարտուղարության նախկին ղեկավար Քոլին Փաուելը, որն ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Փաուելի ընտանիքին։ 

Փաուելը 84 տարեկան էր։ Հարազատների խոսքով՝ մահվան պատճառ են դարձել COVID 19-ից հետո առաջացած բարդությունները։ 

Փաուելը փորձառու զինվորական էր։ 1960-ական թվականներին մասնակցել է Վիետնամի պատերազմին, երկու անգամ վիրավորվել։ 1989 թվականին գլխավորել է ԱՄՆ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեն՝ դառնալով ամենաերիտասարդ անձը և առաջին աֆրոամերիկացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 

1990-ական թվականներին՝ Պարսից ծոցում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հաղթանակից հետո, Փաուելի հեղինակությունը կտրուկ աճել էր և որոշ ժամանակ նա համարվում էր ԱՄՆ նախագահի պաշտոնի հավանական թեկնածու։ 

2001 թվականին Փաուելը դարձել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող առաջին աֆրոամերիկացին։ 2003 թվականի փետրվարին նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ պնդել էր, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պետք է ներխուժեն Իրաք այն պատճառով, որ այնտեղ, իբր, զանգվածային խոցման զենք է արտադրվում։ Փաուելը ցույց էր տվել սպիտակ փոշի պարունակող սրվակ՝ հայտարարելով, որ սիբիրյան խոցի հարուցիչի համանման քանակը բավարար էր 2001 թվականին Կոնգրեսի աշխատանքների դադարեցման համար։ 

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Իրաքում զանգվածային խոցման զենքի արտադրության վերաբերյալ հետախուզական տվյալները սխալմունք են եղել։ Փաուելի հեղինակությունն ընկավ։ 2004 թվականին նա հրաժարական տվեց Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնից։

Լուսանկարը՝ Timothy A. Clary / AFP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter