HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Նոր բան չկա». Վլադիմիր Զելենսկին արձագանքել է «Պանդորայի փաստաթղթեր»-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ մեկնաբանել է «Պանդորայի փաստաթղթեր» հետաքննությանը, որն առնչվում էր նաև Ուկրաինայի նախագահին։ Ըստ այդ հետաքննության՝ Վլադիմիր Զելենսկին ունեցել է օֆշորային ընկերությունների ցանց, որոնց միջոցով կարող էր զբաղվել փողերի լվացմամբ։

ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ լրագրողական հետաքննության մեջ չի տեսել որևէ նոր փաստ, իսկ այդ ամբողջ տեղեկատվությունն ավելի վաղ հայտնվել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից վերահսկվող լրատվամիջոցներում։

«Անկեղծ ասած, բովանդակությունն այն չէ, ես ձեզ ասում եմ որպես պրոֆեսիոնալ։ Առաջին հերթին, որևէ նոր բան չկա, դա ինձ համար դեժավյու էր։ 2019 թվականին այդ նույն ֆիլմը ես տեսել եմ օլիգարխ Պորոշենկոյի հեռուստաալիքներում, որը ցույց էր տալիս, որովհետև հասկանում էր, որ իմ դեմ որևէ կեղտ չկա… Ուրախ եմ, որ որևէ նոր հանգամանք չեմ տեսել։ Դա խոսում է այն մասին, որ 2019 թվականից ինձ վրա՝ որպես Ուկրաինայի նախագահի, ընկեր Պետրը այդպես էլ ոչինչ չի գտել»,- նշել է Զելենսկին։

Ընդ որում, նա չի հերքել, որ նախկինում օգտագործել է օֆշորային ընկերություններ, բայց ընդգծել Է, որ դա արվել է բիզնեսի կառուցվածքայնության համար, այլ ոչ՝ փողերի լվացման։ 

«Այն, ինչ արել եմ մինչև 2019 թվականը, մարդիկ գիտեն։ Դա հեռուստատեսությունն ու կինոն են։ Յանուկովիչի ժամանակ բոլորը «կազմակերպում էին» իրենց բիզնեսը։ Հատկապես հեռուստատեսության, ԶԼՄ-ների հետ կապված բիզնեսը։ Բոլոր հեռուստաալիքները ընկերություններ ունեին արտասահմանում։ Որովհետև դա հնարավորություն էր, որ քո վրա քաղաքականությունը չազդի։ «Квартал 95»-ն ուներ երգիծանք, բոլորը ճնշում էին, բոլորն ուզում էին ազդել։ Հարկայինը մեզ մոտ էր գալիս եթե ոչ ամեն օր, ապա ամեն շաբաթ, և այդպիսի դեպքերի համար եղավ Квартал 95»-ի ստուդիայի «բիզնեսի կազմակերպումը»»,- նշել է Զելենսկին։ 

Նա հերքել է, թե ինքը եւ ստուդիայի մեկ այլ աշխատակից զբաղվել են փողերի լվացմամբ։ «Մենք զբաղվել ենք միայն արվեստով»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ 

Հիշեցնենք, որ «Слідство.інфо» պարբերականը պարզել էր, որ 2012 թվականից Զելենսկիին և նրա թիմին պատկանող օֆշորային ընկերություններն ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի հետ կապ ունեցող ընկերություններից ստացել են 40 միլիոն ԱՄՆ դոլար։

Արդեն մի քանի շաբաթ է ողջ աշխարհը քննարկում է փաստաթղթերի հերթական արտահոսքը, որն ստացել է «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը։ Խոսքն աշխարհի տարբեր երկրների շուրջ 30 000 օֆշորային կազմակերպություններից արտահոսած փաստաթղթերի մասին է, որոնք առնչվում են ոչ միայն պետությունների առաջնորդների, այլև գործարարների, հոլիվուդյան աստղերի և մարզիկների։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ներկայացնող շուրջ 600 լրագրողներ ուսումնասիրել են ավելի քան 12 մլն փաստաթուղթ։ «Հետք»-ը ևս մասնակցել է այդ միջազգային նախագծին և հրապարակել առաջին հետաքննությունը։

Լուսանկարը՝ James O’Brien/OCCRP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter