HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Իզուր տեղը խոսեցի էլի, պիտի թողնեի՝ ինչ անում էին, անեին». երթուղայինում տեղի ունեցած սպանության գործը դատարանում է

Դիմակ չկրելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ երթուղայինում սպանված Արման Հունանյանը արտերկրից էր եկել Հայաստան`մոր բուժման հարցով: Քույրը` Արմինե Հունանյանը պատմում է, որ Արմանը վախենում էր կորոնավիրուսով վարակվել, քանի որ կարող էր հիվանդ մորը վարակել ու ենթադրում է, որ եղբայրը այդ պատճառով է երթուղայինում գտնվող ուղևորից պահանջել  դիմակ կրել:

«Հոկտեմբերի 25-ին 40 տարեկան կդառնար: Ինքը շատ բարի, մեծ սիրտ ունեցող տղա էր»,- եղբորն է բնութագրում քույրը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց 2021 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի քննությունը:

Ամբաստանյալ Գարեգին Բաղդասարյանն անազատության մեջ է, կալանավայրից էր բերվել դատարան: Դահլիճի մուտքի մոտ ոստիկանները նրա ձեռնաշղթաները հանեցին, ու մտավ դահլիճ: Բաղդասարյան առարկեց լուսանկարահանման դեմ՝ չնայած գրեթե ողջ նիստի ընթացքում դեմքը չէր էլ երևում. այն ափերի մեջ էր առել ու արմունկներով հենվել սեղանին. իրեն լավ չէր զգում, նրա առողջական վիճակի պատճառով մեկ անգամ նիստն ընդմիջվեց:

Գարեգին Բաղդասարյանը 58 տարեկան է: Դատարանը հարցրեց՝ առողջական խնդիր ունի՞։ Պատախանեց, որ շաքարային դիաբետ ունի, սակայն կարգը չգիտեր:

«Շատ լավ է, որ կարգը չգիտեք»,- ասաց դատավոր Վահագն Մելիքյանը՝ նկատի ունենալով, որ, ուրեմն, հիվանդությունն այնքան էլ չի անհանգստացնում ամբաստանյալին:

Դատավորի հարցին՝ դատվածություն ունի՞, Բաղդասարյանը պատասխանեց, որ նախկինում 8  ամսով է դատապարտված եղել: Ամբաստանյալը պաշտպանի օգնությամբ պատասխանեց հարցին՝ իր իրավունքների և պարտականությունների մասին հուշաթերթիկը ստացել է,  թե՞ ոչ, բայց հետո հայտնեց, որ իրավունքներին ու պարտականություններին ծանոթացել է, դրանք պարզաբանելու կարիք չկա:

Այսօր դատախազ Սեդրակ Բեսալյանն ընթերցեց ամբաստանյալի մեղադրանքը: Ըստ այդմ՝ Գարեգին Բաղդասայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021  թվականին ապրիլի 14-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում թիվ 54 համարի երթուղային միկրոավտոբուսի մեջ Արման Հունանյանին ապօրինի, դիտավորությամբ զրկել է կյանքից: Երբ ամբաստանյալը լսեց «դիտավորությամբ» բառը, բորբոքվեց:

«Արա, ո՞վ ա դիտավորությամբ զրկել»,- ձայնը բարձրացրեց Բաղդասարյանը: Դատավորը դիտողություն արեց նրան, ամբաստանյալը ներողություն խնդրեց, ապա դատախազը շարունակեց ներկայացնել մեղադրանքը:

Դատախազն ասաց, որ Բաղդասարյանը երթուղային միկրոավտոբուսի մեջ միջամտել է Արման Հունանյանի և ինքնությունը չպարզված մի կնոջ վիճաբանությանը, որի պատճառը կնոջ՝ դիմակ չկրելն է եղել: Բադասարյանն, ըստ մեղադրանքի, դիտողություն է արել Արման Հունանյանին, ինչից հետո երկու տղամարդկանց միջև է վիճաբանություն և քաշքշուկ սկսվել: Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Գարեգին Բաղդասարյանը տաբատի գրպանից հանել է դանակն ու Հունանյանի կրծքավանդակի շրջանում երեք հարված հասցրել, այդ թվում՝ սրտին: Հետո Բաղդասարյանը դիմել է փախուստի, իսկ Արման Հունանյանը կարճ ժամանակ անց կյանքի հետ անհամատեղելի վնասվածքից մահացել է:

Վերը նկարագրվածի համար Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը:

«Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»,- մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հարցրեց դատավոր Մելիքյանը:

«Չգիտեմ... մեղավոր եմ, որ իզուր տեղը խոսեցի, էլի, պիտի թողնեի՝ ինչ անում էին, անեին»,- ասաց Գարեգին Բաղդասարյանը:

Դատարանը կողմերից ճշտեց վերջիններիս դիրքորոշումը՝ գործի նյութերի հետազոտման հաջորդականության վերաբերյալ: Դատախազն առաջարկեց  նախ հետազոտել գործում առկա փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները, ապա լսել վկաներին, վերջում՝ ամբաստանյալին: Երբ դատարանը  Բաղդասարյանից փորձում էր հարցի վերաբերյալ դիրքորոշում իմանալ, վերջինս  ասաց՝ հա, թող լինեն ապացույցներ, ի՞նչ ա եղել, որ:

Գործի նյութերի հետազոտման ընթացքում դատարանն ընթերցեց ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկանքը Գարեգեին Բաղդասարյանի դատվածության  վերաբերյալ: Ըստ ոստիկանության տեղեկանքի,  ամբաստանյալը նախկինում դատապարտվել է խուլիգանության և ապօրին զենք կրելու հոդվածներով և պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Դատվածություններ ունեցել է նաև Արման Հունանյանը:

Հետազոտված նյութերի մեջ առկա էին տեղեկություններ այն մասին, որ դեպքից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել Գարեգին Բաղդասարյանի գտնվելու վայրը, նրա բնակարանում խուզարկություն է իրականացվել, սակայն Բաղդասարյանն այնտեղ չի հայտնաբերվել, տնից հանցագործությանն առնչվող որևէ իր չի հայտնաբերվել: Բադասարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվելէ:

Ըստ գործում առկա տվյալների, ոստիկանության աշխատակիցների կողմից բացատրական  աշխատանք կատարելուց հետո Գարեգին Բաղդասարյանն ինքնակամ ներկայացել է:  Բաղդասարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին հայտնեց, որ հարցում են կատարել ոստիկանություն`պարզելու, թե կոնկրետ ո՞ր ոստիկաններն են իր պաշտպանյալի հետ բացատրական աշխատանք կատարել, և ոստիկանությունից կոնկրետ անձանց անուններ չեն տրվել:

Կոչուբաևը նշեց, որ Գարեգին Բաղդասարյանը փաստաբանի գրասենյակից է ներկայացել ոստիկանություն, նրա հետ որևէ ոստիկան  բացատրական աշխատանք չի իրականացրել, և նման ձևակերպմամբ կասկածի տակ է դրվում անձի` ինքնակամ ներկայանալու հանգամանքը: Պաշտպանը ոստիկանությունից ստացված հարցման պատասխանը գործին կցելու վերաբերյալ կողմերի դիրքորոշումն էր ճշտում, Գարեգին Բաղդասարյանն ասաց, որ լավ չի հասկանում քննարկվող հարցը, ապա պաշտպան Կոչուբաևի բացատրելուց հետո ասաց, որ ինքն ինքնակամ է գնացել և ներկայացել:

Դատախազ Բեսալյանը նշեց, որ ամբաստանյալի`ինքնակամ ներկայանալը կասկածի տակ չի դրվում, իսկ բացատրական աշխատանքներն ամբաստանյալի ընտանիքի հետ են կատարվում, որովհետև եթե ոստիկանն անձին հայտնաբերի, ապա նրան կձերբակալի, ոչ թե բացատրական աշխատանք կտանի նրա հետ`ինքնակամ ներկայանալու վերաբերյալ:

Այսօր հետազոտվեց նաև Արման Հունանյանի դիակի դատաբժշկական փորձաքննության պատասխանը,  ըստ  որի` Արման Հունանյանի վրա հայտնաբերված վնասվածքներից մեկն է անմիջական պատճառական կապի մեջ գտնվում մահվան հետ: Մյուս երկու վնասվածքներն, ըստ փորձագետի, պատճառված են մահից մինչև 12 ժամ առաջ: Բաղդասարյանի պաշտպանների դիտարկմամբ, փորձագետի նման եզրակացությունը նշանակում է, որ մյուս երկու վնասվածքները Հունանյանը ստացել է ավելի վաղ, մինչդեռ Գարեգին Բաղդասարյանին վերագրվում է սպանվածին երեք հարված հասցնելու մեղադրանք:  

Սա լսելուց հետո սպանվածի քույրը հայտնեց, որ անհնարին է, որ եղբայրը որևէ վնասվածք ստացած լինի մինչև միջադեպը, քանի որ իր հետ է եղել:

Դատախազ Բեսալյանը բացատրեց, որ, ըստ փորձագետի եզրակացության, մյուս երկու վնասվածքները ոչ թե հենց 12 ժամ առաջ են ստացվել, այլ մինչև 12 ժամ առաջ, որն ընդգրկում է  նաև մահացու վնասվածքը ստանալուց  մեկ կամ երկու րոպե առաջ ժամանակահատվածը:

Այսօր դատարանն ավարտեց ապացույցների հետազոտումը, հաջորդ դատական նիստին ցուցմունքներ կտան գործով վկաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter