HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են համակարգային կոռուպցիայի դեպքեր․ ԱԱԾ

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, որից հետո Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել են խոշոր չափի կաշառք։

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1 մլն դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել:

«Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում:

Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել է ՊԵԿ 4 պաշտոնատար անձ, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակվում են:

ԱԱԾ-ն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների մեջ ներգրավվելուց և զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter