HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Ղազինյանի թեկնածությունն ութերորդ անգամ մերժվեց

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ութերորդ անգամ քննարկեց և կրկին տապալեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Այս անգամ ևս «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը ներկայացրեց Գեղամ Մանուկյանը` նշելով, որ «Հայաստան» խմբակցության նախընտրությունն այդ պաշտոնում Արթուր Ղազինյանն է, հետևաբար իշխանությունը, ամեն անգամ այդ հարցը ձգձգելով, մի շարք խնդիրներ է հարուցում:

«Կարծում եմ` ժամանակն է այս էջը փակել, իշխող ուժի պատգամավորները կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, բայց մի բան հստակ է` իշխանությունը չի կարող իր որոշումը պարտադրել «Հայաստան» խմբակցությանը, մնացյալն իշխող խմբակցության որոշելիքն է»,- ասաց Մանուկյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք ցանկություն չունի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացնել թեկնածուին: Գեղամ Մանուկյանն արձագանքեց` խմբակցությունն է որոշում` ով ներկայացնի թեկնածուին:

Քոչարյանի խոսքով` այս հարցով հանձնաժողովը հայտնվելու է փակուղու առջև, այժմ փակուղուց դուրս գալու իրավական լուծում են փնտրում:

Արթուր Ղազինյանն իր խոսքում նշեց, թե իշխանությունը չի կարող ստիպել ընդդիմությանը փոխել թեկնածուին, որքան էլ «իշխանության սրտի թեկնածուն չէ»: «Մեր իրավունքն է մեր թեկնածուին ներկայացնել, ձեր իրավունքն է` մերժել»,- ասաց Ղազինյանը` հավելելով, թե հրաժարվում է հարցերին պատասխանելուց, քանի որ այս օրակարգով 60-ից ավելի հարց է հնչել:

Նա առաջարկեց հարցը փակել և անցնել քվեարկության: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն, հակադարձեց` ոչ թե թեկնածուն է որոշում հարցի քննարկման կարգը, այլ` ԱԺ կանոնակարգ-օրենքը: Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց:

«Պարոն Ղազինյան, Դուք նորից չընտրվեցիք, շարունակեք, մինչև օրենքը բերենք պատշաճ մակարդակի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter