HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով խմբի պատվիրակությանը

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

««Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և տեղեկատվություն ստանալու առումով:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը: Երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում նախագահ Սարգսյանը մասնավորապես կարևորել է հավասարակշռված կառավարման համակարգի առկայությունը, հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա երկրի զարգացման տեսանկյունից լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանները մտքեր են փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է:

Պատասխանելով դիվանագետների հարցերին՝ նախագահ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացն են: Նա անդրադարձել է նաև հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին (որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին), ինչպես նաև գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter