HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ա. Ախոյանի, Տ. Չոբանյանի, Վ. Չախալյանի մեղադրանքը խստացվել է. գործը կուղարկվի դատարան

Քրեական գործի հարուցումից շուրջ մեկ տարի անց Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Տիգրան Չոբանյանի, Արագած Ախոյանի և Վահագն Չախալյանի մեղադրանքը փոփոխվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել ավելի ծանր` Քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության յուրացման փորձ):

Մեղադրյալներն, ըստ մեղադրանքի, փորձել են զավթել իշխանությունը՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Կառավարության լիազորություններին:

Վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն պատրաստվում է գործով նախաքննության ավարտ հայտարարել և այն ուղարկել դատարան: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գործով պաշտպաններից Միքայել Շխիմյանը:

Պաշտպանի խոսքով` վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալների մասնակցությամբ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարել, և երբ ծանուցագիր են ստացել` քննչական մարմին ներկայանալու վերաբերյալ, կարծել են, որ իրենց կանչում են` գործը կարճելու և  մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Շխիմյանի խոսքով` մեղադրյալներին վերագրվող արարքի կատարումը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորում է վերջիններիս կողմից հունվարի 10-ին կատարված մի քանի հայտարարություններով, մասնավորապես ընդհանուր տեսանյութերից և կոնտեքստից ծաղկաքաղ արված մի քանի դրվագներով, որոնք սակայն արդեն իսկ մեկ անգամ քննության առարկա դարձվել են վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական նիստերի ընթացքում և ՀՀ դատարանների կողմից որոշում է կայացվել հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ վերջիններիս նկատմամբ հարուցված միջնորդությունները մերժելու մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։

Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։ Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:

Գործը, փաստորեն, այժմ դատարան է ուղարկվելու Արագած Ախոյանի, Տիգրան Չոբանյանի և Արշակ Զաքարյանի մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter