
Չարենցավանի 22-ամյա բնակիչը փորձել է 33 փաթեթ թմրանյութ փոխանցել դատապարտյալներին
Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Քրեական հետախույզները քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի կանեփի դեղնականաչավուն զանգված, յուրահատուկ հոտով գորշ, սպիտակ ու կապույտ փոշենման զանգվածներ և դեղին հեղուկով ծխամորճ:
Նշանակվել է փորձաքննություն։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Մեկնաբանել