
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Մալթայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթը (նստավայրը՝ ք․ Վալետտա): Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Մալթան ունեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ և կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես թվայնացման, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, բանկային ոլորտներում՝ փոխանակելով նաև կուտակած փորձն ու գիտելիքները: Նախագահ Սարգսյանը Հայաստանի համար կարևոր է համարել ջրային պաշարների կառավարման ոլորտում Մալթայի փորձը:
Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմաբանների, հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է, որը կարող է հավելյալ տեղեկություններ բացահայտել խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև համագործակցության մասին:
Մեկնաբանել