
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:
Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար: Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Մեկնաբանել