
Ահաբեկչություններ Դամասկոսում և Իդլիբի մարզում. զոհվել է առնվազն 27 մարդ
Առնվազն 27 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 20-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և Իդլիբի մարզի Էրիխա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում։ BBC-ի տվյալներով՝ 14 մարդ զոհվել է Դամասկոսի կենտրոնում զինվորականներ տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետևանքով:
Սա Կենտրոնական Դամասկոսում ամենաարյունալի հարձակումն էր 2017 թվականի մարտից ի վեր, երբ առնվազն 31 մարդ էր զոհվել մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում։ Վերջինիս պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Սիրիան արդեն տասը տարի է ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ, սակայն վերջին շրջանում այդ երկրի մայրաքաղաքում հարձակումները դարձել էին հազվադեպ։
Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, ավտոբուսը հարձակման է ենթարկվել, երբ անցնում էր Նախագահական կամրջի տակով։ Երկու պայթյունները տեղի են ունեցել լուսաբացից հետո։ Գործակալության տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել և վնասազերծվել է նաև երրորդ պայթուցիկ սարքը։ Դեռևս ոչ մեկ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։ Հավանաբար, այն դարձյալ կազմակերպել է «Իսլամական պետություն»-ը, որն այս տարի Սիրիայի արևելքում մի քանի անգամ հարձակվել էր ռազմական ավտոմեքենաների վրա։
Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտնի դարձավ, որ հրետակոծվել է Իդլիբի մարզի Էրիխա քաղաքը, որի արդյունքում զոհվել է առնվազն 13 մարդ, ներառյալ չորս երեխա։ «Բռնության այսօրվա գործողությունը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ Սիրիայում պատերազմը չի ավարտվել։ Խաղաղ բնակիչները, ներառյալ երեխաները, շարունակում են իրենց վրա կրել տասնամյա ծանր հակամարտության բեռը»,- BBC-ի փոխանցմամբ հայտարարել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Լուսանկարը՝ Firas Makdesi/Reuters
Մեկնաբանել