
Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը
Facebook ընկերությունը հաջորդ շաբաթ մտադիր է փոխել իր անվանումը։ Այդ մասին հայտնում է The Verge-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Վերջինիս տվյալներով՝ նոր անվանումը պետք է արտացոլի ընկերության «մետատիեզերական» ապրանքանիշների կառուցման ձգտումը, որին, բացի համանուն սոցիալական ցանցից, պատկանում են նաև Instagram, WhatsApp և Oculus ծառայությունները։
Սպասվում է, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ընկերության ռեբրենդինգի մասին մանրամասն կպատմի Connect ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ Աղբյուրը չի բացառում, որ նոր անվանումը կարող է հայտարարվել և ավելի վաղ։ Դեռևս այն գաղտնի է պահվում։ Այն չգիտի նաև ընկերության ղեկավար կազմի մի մասը։
The Verge-ի տվյալներով՝ նոր անվանումը կարող է ինչ-որ կապ ունենալ Horizon-ի հետ, որը Facebook-ի նոր հավելվածն է և նախատեսված է վիրտուալ գրասենյակներում աշխատելու համար։
Ընկերությունը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել անվան հնարավոր փոփոխության մասին լուրը։
Իլյուստրացիան՝ Mike Sullivan-ի
Մեկնաբանել