
Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով
Ուսուցիչների ատեստավորման դեպքում նրանց աշխատավարձը, կախված հավաքած միավորներից, նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 21-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ այս ծրագիրը շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում։
«Այս փուլում իրականացվում է մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր, խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ փուլում արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի 2-րդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ Ուսուցիչները հնարավորություն կունենան արդեն իսկ բարձրացված աշխատավարձը ատեստավոորման միջոցով կրկին բարձրացնել 30-50 %-ով։
«Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, ոչ մի պարտադրանք չկա, բնականաբար կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, երբեմն՝ նույնիսկ 125 %-ով բարձրացնելու հնարավորությունից։ Սա հարց է, որի պատասխանի վրա պետք է աշխատեն։ Այս իրավիճակի արդյունքում Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում։ Կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,- հայտնեց վարչապետը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ տեղեկացրեց, որ դիմել է 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 996-ը։ Նրանցից 468-ը կստանա 30-50 % հավելավճար։ Առաջին փուլը չհաղթահարած ուսուցիչները կարող են մասնակցել ատեստավորման հաջորդ փուլին։
Մեկնաբանել