
«Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը»․ Վահան Քերոբյան
«Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքի համար՝ ավելի բարձր։ Մենք շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Իհարկե, պետք է փորձենք զսպել գնաճը՝ մեր տնօրինման տակ եղող գործիքներով»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ Կենտրոնական բանկը նույնպես իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն դա սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։
«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք գործընկեր երկրների հետ, խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ երկրներին, նաև՝ Ուկրաինային, հարավամերիկյան երկրներին, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել նորմալ կամ ցածր գներով ապրանքներով, որը թույլ կտա մեղմել գնաճը»,- ասաց Քերոբյանը։
Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանը կարտոֆիլի արտահանման ռեկորդ է սահմանել՝ 30 հազար տոննա։
«Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեզ հետ նույն տնտեսական Մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադառնում է տեղի արտադրողի և արտադրանքի գների վրա։ Կարծում ենք, որ ստեղծված կոնյունկտուրայում մեր ֆերմերներին չպիտի զրկենք իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, և եթե հնարավորություն կա ավելի բարձր գնով արտահանել, ուրեմն ճիշտ գինը դա է»։
Թարմ գյուղմթերքը հիմնականում ԵԱՏՄ երկրներ է արտահանվում։ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ 180 հազար տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել, իսկ անցած տարվա ընթացքում՝ մոտ 145 հազար։
Մեկնաբանել