
ԱՄՆ ՄԶԳ-ն 1,9 մլն դոլար կտրամադրի պատերազմից տուժածների օգնության և թրաֆիքինգի դեմ պայքարի համար
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության» համաձայնագրով իրականացվող ծրագրերի համար նախատեսվող գումարը կավելանա 1 մլն 858 հազ․ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ (Միջազգային զարգացման գործակալություն) նախատեսվող ընդհանուր ներդրումը դարձնելով 66 մլն 198 հազ․ դոլար: Կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց նախագահի հրամանագրի այս նախագծին։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ օժանդակության ծրագրերի նպատակը լրացուցիչ աջակցության ցուցաբերումն է խոցելի բնակչությանը և 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների մեղմումը: Ֆինանսավորումը կտրամադրվի հակամարտությունից անմիջականորեն տուժած կանանց և աղջիկներին սոցիալական ծառայությունների մատուցման համար, ներառյալ՝ Արցախից տեղահանվածներին և հակամարտության հետևանքով զոհված, վիրավոր կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամներին: Լրացուցիչ ֆինանսավորման 1 մլն 358 հազ․ դոլարը կուղղվի «Հակամարտության մեղմում և կայունացում» ծրագրային ոլորտին, իսկ 500 000 դոլարը՝ «Իրավունքի գերակայություն և մարդու իրավունքներ» ծրագրային ոլորտին՝ աջակցելու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններին:
«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագիրը կնքվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին: Համաձայնագրի հիմնական նպատակն է՝ օգնել Հայաստանին արագ անցում կատարել դեպի կառավարման ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական ձևի: Համաձայնագրի շրջանակում ամերիկյան կողմը հատկացնում է ֆինանսական միջոցներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության բարեփոխումներին այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են՝ ընտրությունների վարչարարությունը և քաղաքական կուսակցությունները, օրենսդրության ամրապնդումը, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարումը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցների կարողությունների զարգացումը:
Մինչ այսօր նշված համաձայնագրում կատարվել է 10 փոփոխություն` յուրաքանչյուր փոփոխությամբ նախատեսելով լրացուցիչ ֆինանսական հատկացում և/կամ նոր ծրագրային ոլորտ:
Այս փոփոխությունը 11-րդն է, որի կնքմամբ նախատեսվում է համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագրերի համար ավելացնել 1 մլն 858 հազ․ դոլար։ Հրամանագրի նախագիծը կներկայացվի Հայաստանի նախագահին՝ հաստատման համար։
Մեկնաբանել