HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում ԱԺ-ում՝ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների վերաբերյալ

Հայաստանի Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին կազմակերպել էր քննարկում, որը վերաբերում էր  Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում  բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական եւ այլ խնդիրներին: Մասնակցում էին պատգամավորներ Արցախի եւ Հայաստանի խորհրդարաններից, անդամներ ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչի գրասենյակից, հասարակական կազմակերպություններից:

Ըստ ԱԺ հաղորդագրության՝ քննարկման մասնակիցները ներկայացրել են բռնի տեղահանված արցախցիների խնդիրները, խոսել դրանց լուծման իրենց պատկերացումներից:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նպատակը երկու երկրների համար   չափազանց կարեւոր հարցերի քննարկումն է, որոնք անցած մեկ տարվա ընթացքում դեռ չեն լուծվել: «Խոսքը բռնի տեղահանված արցախահայերի մասին է, որոնք կորցրել են իրենց ապրելու միջոցները, կացարանը, եւ մինչ այսօր կան մարդիկ, ովքեր կացարանի խնդիր ունեն: Կան մարդիկ, ովքեր ունեն սոցիալական ամենատարբեր եւ ամենածանր խնդիրներ, մարդիկ էլ կան, որոնք, այո, հաղթահարել են դրանք, եւ բավական լավ պայմաններում ապրում են: Սակայն մեր նպատակն այսօր խնդիրների վերհանումն է, ոչ թե կատարվածի գովերգումը: Կան շատ թերություններ, որոնք վաղուց պետք է լուծված լինեին: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու»,-ասել է նա:

ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքս Հակոբյանի դիտարկմամբ էլ, կան խնդիրներ, որոնք առայսօր լուծված չեն, թեեւ դրանց առնչությամբ արվել են առաջարկներ: «Խնդիրները լուծվել են տարերայնորեն, եւ այսօր հասկանալի չէ, թե ովքեր են ցանկանում վերադառնալ Արցախ:  Խնդիրներից  ամենակարեւորն ընտանիքների կարիքների գնահատումն ու խմբավորումն է՝ ըստ առաջնահերթության: Պետք է առաջնորդվել  սոցիալական արդարության սկզբունքով, ինչը չի եղել թե՛ նախկինում, թե՛ հիմա: Պետք է նշել, որ Արցախից մեկ տարի շարունակ ոչ հասցեական, տարերայնորեն իրականացված  սոցիալական ծրագրերը բերեցին հսկայական գումարների վատնման եւ շորթման»,-ասել է նա: Պատգամավորի կարծիքով՝ արտագաղթն Արցախից եւս լրջագույն խնդիր է:

 «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսիսյանը, ինչպես նաեւ այլ ելույթ ունեցողներ,  անհրաժեշտ են համարել կարգավորել բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի հարցը,  լուծել նրանց կացարանների եւ  ֆինանսական աջակցությունների  հարցը, քանի որ կան մարդիկ, որոնք չեն կարողացել ստանալ  սոցիալական աջակցություն:   Ըստ նրա՝  խախտված են տեղահանվածների բոլոր,  այդ թվում նաեւ՝ ապրելու իրավունքը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ են համարել  Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծումը, անդրադարձել անվտանգության հետ կապված հարցերին:

«Անհրաժեշտություն կա թեմաներին շատ ավելի խորքային անդրադառնալ, վերլուծություններ անել: Տեսնում ենք, որ խորհրդարանում Արցախի թեման առկա է, բայց այն մեզ  չի բավարարում:  Մեզ համար կարեւոր են  քաղաքական կայունությունն ու որոշակիությունը, որպեսզի  հասկանանք՝ հայկական երկու հանրապետություններն ինչ ուղղությամբ են շարժվում, եւ ինչ օրակարգ ունեն: Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, բայց, ինչպես տեսնում եք, խաղաղապահներով հանդերձ էլ ունենում ենք պատահարներ, իրադարձություններ, որոնք շատ անհանգստացնող են»,-ասել է   «Հադրութի դեօկուպացիա»   հկ նախագահ Մերի Դավթյանը՝ հավելելով՝ մենք չգիտենք, թե Արցախի ճանաչման խնդիրը երբ է մտնելու օրակարգ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պարզաբանել է, որ առաջիկայում  Հայաստանի խորհրդարանում կձեւավորվի  ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ Արցախի կարգավիճակի  վերաբերյալ հարցը ենթադրում է քաղաքական լայն քննարկումների անցկացում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այսօր Արցախում ամենակարեւոր խնդիրն անվտանգությունն է, Պաշտպանության բանակի վերականգնումն ու արդիականացումը: Ըստ նրա՝ պարզ չէ, թե ինչ իրավիճակ կլինի այնտեղ չորս տարի անց:

Քննարկման ավարտին մասնակիցները կարեւորել են նման հանդիպումների շարունակականությունը, ներկայացրել առաջարկներ, կարեւորել պատասխանատու պաշտոնյաների մասնակցությունը նման քննարկումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter