
2021թ. հունվար-օգոստոսին Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները 89.4%-ով աճել են
Հայաստան է ուղարկվում մեծ մասամբ դեղորայք , ինչպես նաև՝ մանածագործական իրեր, սարքեր, սարքավորումներ, մեխանիզմներ:
Այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (2021 թվականի հունվար-օգոստոս) Հայաստանը մոտ 28.4 մլն դոլարի մարդասիրական օգնություն է ստացել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 13.4 մլն դոլարով կամ 89.4%-ով աճել է, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ):
Զգալի աճել են Եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները:
Եվրոպայից ուղարկվող օգնությունն ավելացել է 24%-ով
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն է ուղարկվել Եվրամիության երկրներից, որոնց կշիռն օգնության ընդհանուր ծավալում 33.3% է: Դա կազմում է 9.4 մլն դոլար: 2020 թվականի հունվար-օգոստոսի համեմատ այն 24%-ով աճել է:
Առավել մեծ ծավալի օգնություն ուղարկվել է Գերմանիայից՝ 1.6 մլն դոլար (-55.8%) ու Ֆրանսիայից` 1.2 մլն դոլար (+88.3%):
«ԵՄ այլ երկրներ» տողով, որով չի մանրամասնվում, թե որ երկրների մասին է խոսքը, ստացվել է 5.3 մլն դոլարի օգնություն, որը կտրուկ աճել է՝ 16.1 անգամ:
ԱՄՆ-ից, Հնդկաստանից ու Չինաստանից ստացվող օգնությունը ավելացել է
Այս տարվա առաջին ութ ամսում ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները 3.7 անգամ ավելացել են նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ կազմելով 7.6 մլն դոլար: ԱՄՆ-ի կշիռը օգնության ընդհանուր ծավալում դարձել է 26.9%:
Չինաստանից ուղարկվող մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 5 մլն դոլար՝ աճելով 2.9 անգամ, իսկ կշիռը դարձել է 17.5%:
3.6 անգամ էլ աճել է օգնությունը Հնդկաստանից՝ կազմելով 1.9 մլն դոլար: Կշիռը՝ 6.9%:
Մնացած երկրները ավելի փոքր և ոչ տեսանելի կշիռ ունեն Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալում: Օրինակ՝ ԱՊՀ երկրների կշիռը ընդամենը 0.4% է:
Հայաստան ամենաշատը դեղորայք է ուղարկվում
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալում առյուծի բաժինը դեղորայքինն է: Դրանք ստացվում են «քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք» ապրանքախմբի ներքո: 2021 թվականի հունվար-օգոստոսին այս տողով Հայաստան է ներմուծվել 16.9 մլն դոլարի մարդասիրական օգնություն, որը 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն 89.2%-ով ավելացել է: Այս ապրանքախմբի ներքո ստացվող օգնության ծավալները կազմվել են նույն ամիսներին ուղարկված օգնության ընդհանուր ծավալի մոտ 60%-ը:
Թեև Վիճկոմիտեն չի մանրամասնում, թե այստեղ որ ապրանքների մասին է խոսքը, սակայն նախորդ տարիների տարեկան հրապարակումների բացվածքը փաստում է, որ այս ապրանքախմբի ներքո պետք է հասկանալ հիմնականում դեղորայքն ու բժշկական սարքավորումները:
Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալում համեմատաբար էական կշիռ ունեն նաև մանածագործական իրերը (մոտ 4 մլն դոլար), սարքեր և ապարատները (2.4 մլն դոլոր) և մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները (1.8 մլն դոլար):
Մեկնաբանել