«Հայացք». Մուկուչյանը տեղյակ չէ՞ ՕԵԿ-ի ջեմի և ՀՀԿ-ի ընտրակաշառքի մասին
«Հայացք»-ի թղթակիցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից երեկ հետաքրքրվեց, թե ինչպես է ԿԸՀ-ն վերահսկում, որպեսզի նախընտրական շրջանում Ընտրական օրենսգիրքը չխախտվի, և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ընտրակաշառքի խոստում չտան մարդկանց:
Պարոն Մուկուչյան, կուսակցությունների ներկայացուցիչները տնետուն են ընկնում և մարդկանց անձնագրերի տվյալներ հավաքագրում` փոխարենը խոստանալով ընտրակաշառք: ԿԸՀ-ն ոչ մի կերպ չարձագանքեց այս փաստերին:
Ես, անկեղծ ասած, չգիտեմ` դուք ինչով եք ֆիքսել դա: Եթե կա նման փաստ, պետք է ուղղակիորեն ամրագրել` ո՞վ է եկել, ի՞նչ է առաջարկել, ե՞րբ է եկել, և դիմել պատկան մարմիններին: Պետք է փաստերը լինեն հստակ:
Բայց դա համատարած բնույթ է կրում, տեղյակ չե՞ք:
Մեր տուն չեն եկել, դրա համար էլ կասեմ, որ համատարած բնույթ չի կրում:
Պարոն Մուկուչյան, իսկ ի՞նչ կասեք ՕԵԿ-ի բաժանած ջեմի մասին: Դա, ի դեպ, չժխտեցին հենց ՕԵԿ-ականները, իսկ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան:
Ես չգիտեմ, թե դուք որտեղից գիտեք դա: Ես կարող եմ ասել մի բան. եթե դուք ունեք նման փաստեր, ապա էդ փաստերը պետք է պատշաճ կարգով արձանագրեք և դիմեք պատկան մարմիններին: Որովհետև ընտրական կաշառքը Ընտրական օրենսգրքով շատ հստակ է ամրագրված. և՛ տալը, և՛ վերցնելը քրեորեն պատժելի արարք է: Եվ եթե նման փաստեր են լինում, ապա կհորդորեի սոսկ մեկ բան` պատշաճ կարգով այդ դիմումները ներկայացնել պատշաճ մարմիններին, որպեսզի այդ մարմինները կարողանան իրականացնել վարչարարություն: Ես ձեզ հավատացնում եմ, որ ցանկացած նման փաստի հաստատման պարագայում յուրքանաչյուրը կստանա օրենքով նախատեսված պատասխանատվությունը: Եվ կապ չունի, թե որ ուժն է տալիս կաշառքը:
Իսկ ԿԸՀ-ն ընտրակաշառքների վերաբերյալ դիմում-բողոքներ չի՞ ստացել:
Ոչ, նման ահազանգեր և դիմում-բողոքներ ԿԸՀ չեն մուտքագրվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել