
Հյուրընկալության ոլորտի ծրագրի 2022թ. ընդունելությունը սկսված է Հայաստանի ամերիկյան համալսարանում
Հայաստանի ամերիկյան համալսրաանի (ՀԱՀ) Մանուկյան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետը հայտարարում է Հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման վկայագրի դասընթացների ծրագրի 2022թ. ընդունելության մասին:
ՀԱՀ-ի հաղորդագրության համաձայն՝ ծրագրի սկիզբը նախատեսվում է 2022թ. հունվարին: Ոլորտին աջակցելու նպատակով ՀԱՀ-ը և Մանուկյան Սիմոն հիմնադրամը ծրագրում սովորող բոլոր ուսանողներին կտրամադրեն ֆինանսական օժանդակություն առաջիկա երեք տարիների ընթացքում՝ մասնավորապես թիրախավորելով նրանց, ովքեր 2019 թվականից սկսած շարունակաբար աշխատում են զբոսաշրջության ոլորտում:
«ՀԱՀ-ի կողմից ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտի պահանջարկի հիմնական առանձնահատկությունների վրա: Այն հնարավորություն կստեղծի ուսանողներին ձեռք բերել ոլորտին հատուկ գիտելիքներ և դառնալ մրցունակ հյուրանոցային և հյուրընկալության ոլորտում:
Հյուրանոցների և հյուրընկալության կառավարման վկայագիր շնորհող ծրագիրը բաղկացած է երկու կիսամյակից և նպատակաուղղված է ուսանողներին ապահովել այս ոլորտներում մրցունակ լինելու համար պահանջվող հմտություններով, ներառյալ՝ առաջադեմ բիզնես և ռազմավարական մտածողություն, բարձր մակարդակի կառավարման հմտություններ և ոլորտին հատուկ մասնագիտացված գիտելիքներ:
«Այս ծրագիրը հրավիրում է ուսանողներին դառնալ որակյալ մասնագետներ, որոնք ձեռք կբերեն զբոսաշրջության և հյուրընկալության կառավարման խորը գիտելիքներ` զուգորդված իրական փորձի հետ», - նշում է ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
Ծրագիրը սերտորեն համագործակցում է հյուրանոցային բիզնեսի հետ՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում: Ուսումնական դասընթացներին զուգահեռ ծրագրի շրջանակներում հրավիրվում են Հայաստանի և արտասահմանի հյուրընկալության ոլորտի մասնագետներ՝ գործնական հետազոտությունների և քննարկումների միջոցով ուսանողների ձեռք բերած գիտական գիտելիքները ամրապնդելու նպատակով:
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները լիարժեք պատկերացում կկազմեն հյուրընկալության ոլորտի մասին. հանրային և մասնավոր տեսանկյունից հայաստանյան շուկայի առանձնահատկությունների գործնական իմացություն, կառավարման տարբեր ասպեկտների, այդ թվում` գործառնական կառավարման աշխատանքային գիտելիքներ՝ եկամուտների կառավարում, հաճախորդների սպասարկման, կապի և վաճառքի մասնագիտական հմտություններ և հյուրընկալության ոլորտում կարիերայի հնարավորություններ:
Ուսման վարձի մի մասը սուբսիդավորվում է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի և նրա նախագահ Քրիստին Սիմոնի աջակցության շնորհիվ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել