HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայաստանի գիտությունը նախավթարային վիճակում է

Գիտության ոլորտը շատ կարևոր է, բայց այստեղ առկա հիմնախնդիրը դեռ հանգուցալուծում չի ստացել: Օրերս նշելով այս մասին` տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ կան նաև կազմակերպական խնդիրներ:

- Ցավալի է, որ գիտության բնագավառը թե՛ գիտնականների աշխատավարձի անբավարար մակարդակի առումով, թե՛ մտավոր կարողության նպատակային օգտագործման առումով դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ,- ասաց տնտեսագետը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի` Հայաստանի գիտնականները գիտական պարբերականներում հրապարակումների թվով, համաձայն մեկ գիտնականին ընկնող ցուցանիշի, աշխարհի մասշտաբով առաջին քառյակում են` ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Գերմանիայի հետ: Նշենք, որ գիտական պարբերականներում հրապարակումների թիվը աշխարհի ցանկացած երկրում գիտության զարգացման մակարդակի հիմնական բնութագրիչն է: Սակայն, ըստ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի, այդ թվերը մի քիչ խաբուսիկ են, իրականում ամենևին էլ հիշյալ քառյակում չենք:

Հայաստանյան գիտնականների հրապարակումների քանակը մեկ անձի հաշվով մեծ է ստացվել, որովհետև Հայաստանում շատ քիչ են երիտասարդ գիտնականները: Սովորաբար, ինչպես ամբողջ աշխարհում է, երիտասարդները գիտության ասպարեզում այնքան հաջողություններ ու դրանք արտահայտող հրապարակումներ չեն ունենում, որքան միջին և ավագ տարիքի գիտնականները: Այսինքն` եթե Հայաստանում երիտասարդ գիտնականների հարաբերակցությունը լիներ այնքան, որքան, ասենք, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, մեր երկրից գիտական հրապարակումների թիվը գիտնականների ընդհանուր թվի վրա բաժանելու դեպքում մեկ շնչի հաշվով չէր ստացվի այն ցուցանիշը, որ ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Իսկ հետաքրքիր է` ինչքա՞ն կիջներ մեր ցուցանիշը, եթե երիտասարդ գիտնականների քանակը ոչ թե պակաս, այլ նորմալ լիներ: Ա. Իշխանյանի տեղեկացմամբ, Ռուսաստանում կատարված և վերոնշյալ հանգամանքը հաշվի առած օբյեկտիվ հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանը 2000 թ. իր գիտության իրական մակարդակով աշխարհում մոտավորապես 18-րդ տեղն է զբաղեցրել: Հետո դանդաղ աճ է եղել, մեր երկրի գիտությունը 2009 թ. գրավել է 14-րդ տեղը, իսկ 2010-ից արդեն անկում է գրանցվել` Հայաստանի գիտությունը հայտնվել է 15-րդ, իսկ անցյալ տարի` 16-րդ տեղում:

Գիտնականի կարծիքով` եթե Հայաստանում գիտության նկատմամբ պետության և հասարակության վերաբերմունքի էական և կտրուկ բարեփոխում չլինի, ապա առաջիկա 6-7 տարում Հայաստանի գիտությունը գնալով արագացող ընթացքով կհայտնվի մոտավորապես 30-րդ տեղում, իսկ դրանից հետո, երբ գիտնականների գերակշիռ մեծամասնությունը թոշակի տարիքի կլինի, մեր երկրի գիտությունը գահավեժ անկում կունենա: Սա արդեն կլինի Հայաստանի գիտության աղետը:

Արդյոք չափազանցված չէ՞ այս կանխատեսումը: Պարզվում է` ոչ: Նախ` ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանն այդ օրինաչափությունից բացառություն չէ, թոշակի տարիքի հասած գիտնականների աշխատանքի արդյունավետությունն էապես ընկնում է, եթե նրանք նույնիսկ շարունակում են գիտությամբ զբաղվել: Երկրորդ` թոշակի անցնելուց և գիտհաստատություններից դուրս գալուց հետո փակվելու են նրանց լաբորատորիաները, քանի որ եղած երիտասարդ գիտնականները, խիստ սակավաթիվ լինելուց բացի, ի վիճակի չեն միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատորիաներ ստեղծել կամ շահագործել: Այս առումով բացառությունները միայն կհաստատեն օրինաչափությունը:

Ի՞նչ ենք անելու, երբ այս մռայլ, բայց ոչ անհիմն կանխատեսումն իրականություն դառնա: Նկատի ունենանք, որ այդ 6-7 տարին հեռու չէ, շատ արագ կանցնի: Հայաստանի գիտությունը սկզբնական շրջանում լոկ մասամբ, իսկ հետո ընդհանրապես հնարավոր կլինի փրկել միայն Հայաստանում գիտության նկատմամբ պետության և հասարակության վերաբերմունքի էական ու կտրուկ բարեփոխմամբ: Սա միայն Արթուր Իշխանյանի և բազմաթիվ այլ գիտնականների կարծիքը չէ, այլ նաև առկա փաստերից, թվերից և վիճակագրությունից բխող եզրակացություն: Մասնավորապես անհրաժեշտ է առանց հապաղելու, այսինքն` արդեն 2013 թ. ՀՀ բյուջեում ամրագրել, որ Հայաստանի գիտությունը ֆինանսավորվելու է հանրապետության ՀՆԱ-ի 1%-ի չափով, այնուհետև տարեկան 0,2%-ով ֆինանսավորման չափն ավելացնելով` մի քանի տարի հետո հասցնել 3%-ի:

Դա հնարավորություն կտա նախ կանխել Հայաստանից երիտասարդ գիտնականների արտահոսքը, երկրորդ` նպաստավոր պայմաններ ստեղծել, որ արտերկիր մեկնած և այնտեղի գիտհաստատություններում աշխատող հայ երիտասարդ գիտնականների գոնե մի մասը վերադառնա, երրորդ` պետք է միանգամից գիտություն բերել մեծաթիվ երիտասարդների, նրանց պատրաստել` գիտությունից հեռացող սերնդին փոխարինելու: Այլ ելք պարզապես չկա: Կա՛մ դա կարվի, կա՛մ Հայաստանը կզրկվի իր գիտությունից, հետևաբար նաև` ապագայից:

Մեկնաբանություններ (1)

Արսեն
Եթե այս կոալիցիան մի4-ս տարի էլ իշխի մենք էլ գիտություն չենք ունենա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter