HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունը կրկին պնդում է, որ Թաթոյանի գրառման մեջ կան անճշտություններ

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի՝ նախօրեին արած հայտարարությանը։ ՊՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․

«Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։

Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Արձագանքելով այս հայտարարությանը՝ հոկտեմբերի 19-ին պաշտպանության նախարարությունը նշել էր, թե մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։

ՊՆ-ի այդ հայտարարությանը հետևել էր Արման Թաթոյանի՝ հոկտեմբերի 21-ի պատասխանը, որում նա նշել էր, թե այդպիսի տվյալներ ներկայացնելու համար իրենց տրամադրության տակ կան հավաստի ապացույցներ, ինչպես նաև հրապարակել էր տեսանյութ։ Պաշտպանական գերատեսչությունն էլ, փաստորեն, այսօր կրկին պնդում է, որ ՄԻՊ-ի հայտարարության մեջ կան մի շարք անճշտություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter