
ԱԱԾ․ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է 816 մլն դրամի վնաս
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, խախտելով հողերի և ընդերքի օգտագործման, օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ մի շարք իրավական ակտերի պահանջները, 2012-2019 թվականների ընթացքում Կոտայքի մարզի Զորավան համայնքի տարածքում առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի և այլ փաստաթղթերի՝ իրականացրել է հողի և ընդերքի ապօրինի արդյունահանում։
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ ամենի հետևանքով ապօրինի արդյունահանվել է շուրջ 250 000 խորանարդ մետր բազալտե հանքանյութ: Իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 816 միլիոն դրամ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Նախապատրաստված նյութերով ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարը՝ արխիվային
Մեկնաբանել