HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում և շնորհավորել նրան նշանակման առիթով: Կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի դերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության, ԼՂ հարցի ու խաղաղ բանակցությունների արդյունավետության, հակամարտության կարգավորման առումով: 

Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել. «Ֆրանսիայի դեսպանի համար Հայաստանը մի հերթական երկիր չէ: Ինձ համար շատ լուրջ պատասխանատվություն է լինել Ֆրանսիայի դեսպան Հայաստանում՝ հաշվի առնելով ինչպես մեր հարաբերությունների երկարատև բնույթն ու ակտիվությունը, այնպես էլ, պարոն վարչապետ, Ձեր անձնական հարաբերությունը մեր երկրի նախագահի հետ»:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն ինչ՝ երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունները նոր թափով առաջ մղելու համար: Տիկին Լույոն հավելել է, որ նախատեսվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական ընկերությունների ներգրավմամբ, մասնավորապես տարբեր ենթակառուցվածքային ու ծրագրերում վերջիններիս մասնակցությամբ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացմանը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը։

Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցի կարևորության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter