
ԵՄ առաջնորդները հրաժեշտ են տվել Անգելա Մերկելին
Եվրամիության երկրների կամ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 22-ին հոտնկայս ծափահարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որն այդ կարգավիճակում, հավանաբար, վերջին անգամ է մասնակցում ԵՄ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Հրաժեշտի փոքր արարողության ժամանակ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Մերկելին համեմատել է հուշարձանի հետ և հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովներն առանց նրա, նման է ինչպես «Հռոմն առանց Վատիկանի կամ Փարիզն առանց Էյֆելյան աշտարակի»։ Միշելը նշել է, որ 16 տարվա ընթացքում, երբ Մերկելն զբաղեցնում էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը, մասնակցել է 107 գագաթնաժողովների աշխատանքներին։ Նրա խոսքերով՝ ԵՄ քաղաքական գործիչներին կպակասի կանցլերի «իմաստնությունն ու սթափությունը, հատկապես բարդ ժամանակներում»։
«Ձեր ոգին և փորձը կմնա մեզ հետ։ Դուք կողմնացույց եք և վառ լույս մեր եվրոպական նախագծում»,- նշել է նա, որից հետո Եվրամիության երկրների առաջնորդները հոտնկայս սկսել են ծափահարել Մերկելին։ Արարողության վերջում Միշելը Մերկելին նվիրել է Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող «Եվրոպա» շենքի գեղարվեստական նկարը, որտեղ ընթանում են Եվրախորհրդի նիստերը։
ԵՄ երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 21-ին Բրյուսելում։ Առաջին օրը մասնակիցները քննարկել են էներգակիրների, հատկապես գազի, գների կտրուկ աճի խնդիրը։ Հոկտեմբերի 22-ին նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին միգրացիոն քաղաքականությունն ու թվային տեխնոլոգիաները։
Լուսանկարները՝ Reuters գործակալության
Մեկնաբանել